Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը հստակ կարմիր գծեր գծի»

Սեպտեմբեր 11,2021 14:00

«Թուրքիան շարունակում է միակողմանի փակ պահել սահմանը՝ շրջափակման մեջ պահելով Հայաստանին, Ադրբեջանն արդեն հասել է նրան, որ պարբերաբար փակում է Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհը։ Այս պայմաններում բոլոր այս նախագծերի մասին խոսելը դառնում է կենացային մակարդակ»,- «Առավոտի» զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

-Վերընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական առաջին այցը կատարեց Վրաստան: Ի դեպ, 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը եղավ հարեւան Վրաստան: Ինչի՞ մասին է սա խոսում:

– Այս այցը եւ առհասարակ այս վերաբերմունքը հարեւանների նկատմամբ նոր չէ։ Այսօր արդեն շեշտադրվում են հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք բարիդրացիական հարաբերություն ունեն մեր հետ, եղբայրական ժողովուրդ են։ Այսպիսով փորձ է արվում շեշտադրել այդ հարաբերությունները եւ լրացնել դրանք՝ համագործակցության նոր ոլորտներ օրակարգ բերելով:

– 2018-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սամցխե-Ջավախք, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ հայտարարել, որ երկու երկրների միջեւ նոր հարաբերություններ են ձեւավորվում ու վստահեցրել, որ պետությունների իշխանությունների գործողություններում չկան դավադրության կամ սադրանքի տարրեր։ 44-օրյա պատերազմի՝ Հայաստանի համար բավական տխուր արդյունքների համատեքստում, ինչպե՞ս գնահատել առկա եւ սպասվող զարգացումները:

– Նոր իրողության մեջ շատ է կարեւորվում մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ընդ որում, կարեւորվում է, որ այդ հարաբերությունները լինեն կանխատեսելի եւ փոխադարձ վստահելի, որի հիմքի վրա կտարվի ժողովրդավար պետության կառուցման քաղաքականությունը, ինչը մեզ մոտեցնում է իրար եւ ինչով մենք տարածաշրջանում առանձնանում ենք։ Այս հարաբերություններին կարելի է տալ խորություն, որպեսզի օրակարգային տարբեր հարցերի շուրջ ավելի ակտիվ համագործակցություն լինի, նոր ծրագրեր լինեն, օրինակ՝ ենթակառուցվածքների, էներգետիկ համագործակցության։

– Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի առանցքում տարածաշրջանային կոմունիկացիաների հարցերն էին: Համատեղ ասուլիսում, այդ առիթով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ սա լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. «Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման եւ հայ ժողովրդի բարեկեցության հետ։ Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին եւ հայ ժողովրդին»։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ իր տեսլականներն իրագործելու համար քվե է ստացել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում: Եթե դիվանագիտական բառապաշարից անցում կատարենք հանրամատչելիի՝ ի՞նչ կոնկրետ հնարավորությունների մասին է խոսքը, մանավանդ, որ Թուրքիան, նաեւ Ադրբեջանը, շարունակում են պնդել հայտնի նախապայմանները եւ իրենց հավակնությունները:

– Դիվանագիտական ռեվերանսներ էր. վրացական կողմը նշեց, որ ծանոթ են մեր կառավարության ծրագրին, դրա գերակայությունները ներկայացվել են իրենց։ Մեր ցանկությունն է եւ Վրաստանի բարիդրացիական մոտեցումը եւ շահագրգռվածությունն է, որ տարածաշրջանում ապաշրջափակում լինի, նոր ծրագրեր լինեն: Բայց…. եւ այդ բայցը շատ լուրջ գործոն է. Թուրքիան շարունակում է միակողմանի փակ պահել սահմանը՝ շրջափակման մեջ պահելով Հայաստանին, Ադրբեջանն արդեն հասել է նրան, որ պարբերաբար փակում է Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհը։ Այս պայմաններում բոլոր այս նախագծերի մասին խոսելը դառնում է կենացային մակարդակ։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված չէ, որ Հայաստանը ճանապարհներ ունենա, շրջափակումից դուրս գա, ուր մնաց թե տարանցիկ երկիր դառնա։ Դրա համար, շատ կարեւոր է աշխատել Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ծրագրի շուրջ, որը ձեռնտու է թե՛ Թբիլիսիին, թե՛ Երեւանին։ Այստեղ շահագրգիռ են նաեւ Չինաստանը եւ Հնդկաստանը, կարող են տարբեր հարթակներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

– Նիկոլ Փաշինյանը խոսում է հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները գործարկելու մասին, մինչդեռ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում՝ Սյունիքից ստանալիք միջանցքով Նախիջեւանի հետ միանալու համար, այդպիսով նաեւ ուղիղ հաղորդակցություն է ստանում Ադրբեջանի հետ: Ի՞նչ ապաշրջափակման մասին է խոսքը, երբ այդպիսով Հայաստանը կրկնակի մեկուսացման մեջ է հայտնվում:

– Թուրքիան իր հերթին փակ է պահում սահմանը. վերջին շրջանում երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները մեսիջներ փոխանցեցին միմյանց եւ եթե Թուրքիան շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ հարաբերվելու, ապա միգուցե ինչ-որ բան կարող է ստացվել։ Այստեղ նաեւ Կարս-Գյումրիի հարցը կարող է առաջ քաշվել: Իվերջո Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում լինի եւ Հայաստանի երկաթգիծը շահագործվի՝ ապահովելով հայ-թուրքական երկաթուղային կապը, ինչն էլ հնարավորություն կտա ապրանքափոխադրումներ իրականացնելու։ Հիշեցնեմ, որ այդ երկաթգիծը ռուսական ընկերության կառավարմանն է հանձնված եւ վերագործարկման բոլոր ծրագրերը կան: Այստեղ եւս շատ կարեւոր է, թե ինչքանով Ադրբեջանը կմիջամտի այդ գործընթացին, ինչը մենք տեսանք ֆուտբոլային դիվանագիտության գործընթացում, երբ նրանք ուղղակի տապալեցին գործընթացը։ Եթե Թուրքիան այսօր պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերություններն անջատել Ադրբեջանի հետ հարաբերություններից, ապա ինչ-որ բան հնարավոր է ստացվի։ Դրանով տարածաշրջանային գործընթացներում նոր էջ կբացվի եւ Թուրքիան շահագրգռված չի լինի ապակառուցողական քայլերի դիմել: Քանի որ այստեղ նաեւ ռուսական գործոնը կա, նաեւ երկաթգծային կապը կարող է ապահովվել։

Այստեղ շատ կարեւոր է, որ ամեն ինչը ՌԴ-ի վերահսկողության ներքո լինի, քանի որ ե՛ւ երկաթգիծն է ռուսական, ե՛ւ սահմանապահներն են ռուսական: Կարեւոր է, որ այսպես ասած, մեր հաշվին տեղի չունենա, թեեւ չեմ կարծում, որ այդպես կլինի: Կարեւոր է հստակ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Թուրքիայից եկող ռիսկերը նվազագույնի հասցվեն: Որեւէ հարաբերություն պետք է ունենալ, դեռեւս չեմ խոսում դիվանագիտական հարաբերությունների մասին, բայց պարզ է, որ ինչ-որ շփումներ պետք է սկսվեն: Պարզ է, որ այս ամենը Հայաստանից կախված չէ: ՀՀ կառավարությունը իր ծրագրում կայուն տարածաշրջանի մեսիջը ամրագրել է, մնում է ընդառաջ գան եւ չփորձեն իրենց շահերը առաջ տանել եւ մեր հաշվին ինչ-որ բան անել: Եթե ընդառաջ չեկան, ապա թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերություններում որեւէ հաջողության այս պահին պետք չէ սպասել, որովհետեւ թե՛ մեկը, թե՛ մյուսը փորձում են այս իրավիճակից առավելագույնը քաղել ինչպես տարածքային, այնպես էլ այլ առումներով, ստանալ այն, ինչ միգուցե չէր էլ հասնում իրենց, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի հարցն է առաջ քաշվում։ Կարեւոր է, որ մեր կառավարությունը հստակ կարմիր գծեր գծի եւ աշխատի տարանցիկ երկիր դառնալու համար։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930