Լրահոս
Օրվա լրահոսը

«Թարգմանիչների պակասը խանգարում է, որպեսզի մեծ թափ առնենք»

Սեպտեմբեր 11,2021 12:00

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանի հետ

– Այսօրվա մեր զրույցը գրականության, հատկապես թարգմանական գրականության մասին է։ Խնդրեմ, ներկայացրեք, թե ի՞նչ փուլում ենք, ի՞նչ ունենք եւ ի՞նչ ճանապարհով ենք գնում…

– Դեռեւս դանդաղ ընթացքի փուլում ենք, որի պատճառը, կարծում եմ, թարգմանչաց դպրոցի եւ թարգմանիչների պակասն է, իրականում այդ բացը կա եւ խանգարում է, որպեսզի մեծ թափ առնենք, օրինակ` իսպանալեզու գրականության թարգմանության ծանր, բայց եւ շնորհակալ «բեռը» ինքս մեծ ուրախությամբ կկիսեի շատ ու շատ թարգմանիչների հետ, դրանից վստահաբար կշահեր թարգմանական գրականությունը, իսկ ընթերցողները տարբեր գրողների եւ նրանց փոքր ու մեծ երկերը ճանաչելու հնարավորություն կունենային: Հրաշալի հասկանում եմ, որ այդպիսի դպրոցի ստեղծումը ենթադրում է մեծ ռեսուրսների ներդրում` մարդկային, ֆինանսական, բայց միայն առանձին անհատների ինքնուսուցման, փորձառության եւ տաղանդի վրա հույս դնելով, շատ առաջ չենք գնա: Թարգմանական դաշտում գրաքննադատության կամ վերահսկողության պակաս կա, երբ չեն վերահսկվում կատարված թարգմանությունները: Այնուհանդերձ, կա նաեւ դրական դինամիկա, որն առավել ակներեւ է դարձել հատկապես վերջին տարիներին, հիմա թարգմանում են ճապոներենից, մակեդոներենից եւ այլ հազվադեպ հանդիպող լեզուներից, մի բան, որ անցյալում անհնարին էր համարվում: Ես լավատես եմ…

– Թարգմանություններ կատարելիս ի՞նչն եք կարեւորում։

– Ամեն ինչը…թե՛ հեղինակին, թե՛ թարգմանվող տեքստը, թե՛ դրա ասելիքն ու փոխանցվելիք նշանակությունը:

– Ժամանակները փոխվում են, գրական պահանջները` նույնպես։ Ի՞նչն է հասարակության թիրախում…

– Ըստ իս` յուրաքանչյուր ոք ընտրում է իրեն հետաքրքրող, գրավող կամ սոսկ անհրաժեշտ գրականություն, այսօր ավելի շատ են կարդում ժամանակակից գրողներին, առավել երիտասարդները նախընտրում են մոտիվացնող գրքեր, մշտապես ակտուալ են վեպերը, ցավոք, պոեզիա ավելի քիչ են կարդում:

– Խոսենք նաեւ դիվանագիտական ձեռնարկների պատրաստման մասին:

– Գեղարվեստական գրքերի վաճառքով զբաղվում է հրատարակչությունը, ինչ վերաբերում է դիվանագիտական ձեռնարկներին, դրանք հեղինակային հրատարակության ծնունդ են, մարդիկ կարող են կարծել, թե ինքս եմ վաճառում, մինչդեռ այդպես չէ, ես վաճառել առհասարակ չգիտեմ, ավելի շատ սիրում եմ գնել: Մյուս կողմից` ես դասախոս եմ եւ հրաշալի պատկերացնում եմ` լսարանին ինչ տեսակի կամ խորությամբ գիտելիք մատուցել, նույնը կարելի է ասել նաեւ ֆեյսբուքյան հարթակի մասին, որտեղ իմ ընկերներն ավելի շատ գեղարվեստական գրականության ընթերցողներ են, իսկ դիվանագիտական ձեռնարկները ենթադրում են առավել նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող ընթերցողներ:

– Աշնանային ընթերցանության համար ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։

– Աշնանը լույս տեսնող իմ գրքերը` միանգամից երեքը…

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930