Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի ժամանակ այսօր հնագետ, արցախյան Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հայկական մշակութային հետքը ոչնչացնելու եւ յուրացնելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը կիրառվել է դեռեւս 60-ական թվականներին, իսկ հիմա վտանգված է Արցախի օկուպացված տարածքների հայկական հուշարձանների ճակատագիրը։
Հնագետն անհիմն որակեց Ադրբեջանի պնդումները, թե Արցախի մահմեդական հուշարձանները չեն պահպանվել։ Նա օրինակներով ու լուսանկարներով ցույց տվեց այդ պահպանված մահմեդական հուշարձանները եւ մատնանշեց, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն այդպես չի վարվում․ օկուպացված տարածքների որոշ հուշարձաններից արդեն իսկ մաքրվել են հայերեն արձանագրությունները։
Կարդացեք նաև
Համլետ Պետրոսյանը ներկայացրեց նաեւ Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտի պեղումների արդյունքները․ Տիգրանակերտը, մասնագետի խոսքով, տարածաշրջանային բացառիկ կառույց է, որում առկա են տարածաշրջանում հունարեն առաջին արձանագրությունները, 18 հայալեզու արձանագրություններ։ «Հիմա Ադրբեջանը լուրջ խնդիր ունի։ Եթե քրիստոնեական ժառանգությունը կարողանում է դարձնել աղվանական եւ յուրացնել, ապա ինչպե՞ս վարվել Տիգրանակերտի հետ․ չէ՞ որ այն վկայված է գրավոր աղբյուրներում, պեղված է։ Եթե Տիգրանակերտն աղվանական է, ապա ի՞նչ գործ ունի «Տիգրան» անունը։ Եթե «Տիգրանակերտ» անվանումը կա, ինչպե՞ս կարող է այն աղվանական լինել։ Այս ամենը մեծագույն վտանգի տակ է, որովհետեւ չի գտնվել այն ադրբեջանականացնելու մեխանիզմը»,-նշեց Նա։ Համլետ Պետրոսյանը շեշտեց, որ Տիգրանակերտի թանգարանի նմուշները փրկված են, եւ հիմա Ադրբեջանը մեզ է մեղադրում «իր մշակութային ժառանգությունը» գողանալու համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ