Մի քանի կուսակցություններ, որոնք մշտապես ու անզիջում պայքար են մղել Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ քաղաքի ղեկը ստանձնելու համար, այս անգամ հրաժարվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
ԲՀԿ-ն, որը Գյումրու նախորդ ՏԻՄ ընտրություններում՝ 2016 թվականին Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Բալասանյան դաշինք»-ի ամենաուժեղ մրցակիցն էր, այս անգամ հրաժարվում է մասնակցել։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է կուսակցությունը։
«Այս օրերին ԲՀԿ-ում շատ բուռն քննարկումներ էին ընթանում՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, և որոշում ընդունվեց, որ ամսի 17-ի ՏԻՄ ընտրություններին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել, ընդգծեմ, որ առայժմ խոսքը գնում է միայն հոկտեմբերի 17-ի ընտրությունների հետ կապված, մնացածի մասով արդեն լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
ՀՅԴ-ն էլ, որը ևս ժամանակին ակտիվորեն մասնակցում էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին, (Հովսեփ Սիմոնյանը` Շիրակի նախկին մարզպետը, 2012 թվականին Սամվել Բալասանյանի առաջին ու ամենահետաքրքիր մրցակիցն էր՝ որպես քաղաքապետի թեկնածու), այսօր կտրականապես հրաժարվում է։
Կարդացեք նաև
ՀՅԴ քաղաքային կոմիտեն հետևյալ ձևով է պատճառաբանել իր չմասնակցելը․
«Ստեղծված իրավիճակում ՀՅԴ քաղաքային կոմիտեն համարում էր, որ արդյունավետ կլիներ ընտրություններին լայն ընդդիմադիր ճակատով մասնակցությունը՝ համախմբելով Գյումրիում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերին և գործիչներին, ինչը, ցավոք, չհաջողվեց։ Ուստի, քննելով իրավիճակը, ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի համարում մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ