Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնօրենին ասել է՝ Փաշինյանին է ընտրելու․ դատախազը 5 տարի ազատազրկում միջնորդեց

Սեպտեմբեր 10,2021 20:25

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի դատաքննությունը։ Անցած նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դատակոչել եւս 6 վկայի ու նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով): Մասնավորապես, Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։

Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով՝ դավաճան։

Նիստին 6 վկայից ներկայացել էին երեքը։ Կողմերի հետ քննարկելով՝ դատարանն որոշեց հրապարակել նիստին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները։ Դատարանում հարցաքննված եւ ոչ մի վկա չհիշեց, որ Հայկ Խաչատրյանը ժողովի ժամանակ հորդորել է ընտրել «Հայաստան» դաշինքին։ Ըստ վկաների՝ ժողովը կարգապահական հարցերին է վերաբերել։ «Չեմ հիշում մանրամասները, բայց պարոն Խաչատրյանը միայն ասել է անպայման մասնակցեք ընտրություններին»,-ասաց վկա Դոնարա Պողոսյանը։

Մշակույթի կենտրոնի տնտեսվար Յուրա Հովսեփյանը դատարանում զարմացավ, որ իր ղեկավարին նման մեղադրանք է առաջադրվել։ «Ես Խաչատրյանին ասել եմ, որ Փաշինյանին են ընտրելու, ասաց՝ քո իրավունքն է»,-ցուցմունք տվեց վկան։ Վերջինս մանրամասն հիշեց, թե ոնց վիճեցին տնօրենն ու Արմիդա Աղաբեկյանը։ Դատախազի այն հարցին, ինչպե՞ս է այդ պահը հիշում, բայց ժողովում ասածները չի հիշում՝ Յուրա Հովսեփյանը հարցին հարցով պատասխանեց՝«կռի՞վը ավելի լավ կհիշես, թե՞ հանգիստ ժողովը»։

Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը՝ դատարանին միջնորդելով Հայկ Խաչատրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Հայկ Խաչատրյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին ժամանակ տրամադրել պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։

Ի դեպ, նիստի վերջում դատավարության ներկա վկաներն ու Հայկ Խաչատրյանի մտերիմները զարմացել էին՝ ոչինչ չանելու համար՝ հինգ տարի՞։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930