Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նա այս մասին դեռ երեկ էր տեղեկացրել իր ֆեյսբուքյան էջում, մեզ հետ զրույցում էլ ասել էր․ «Մի քանի կուսակցություններ դիմել էին՝ առաջարկելով գլխավորել իրենց ցուցակը: Ես, ինչպես նախորդ տարիներին, առաջարկել եմ դաշինք կազմել, հիմա առավել ևս, որպեսզի չկրկնվի ԱԺ միկրոմոդելն այստեղ: Շուտով կորոշվի, թե որ քաղաքական ուժերն են դաշինքի համաձայնում: Լուր կտարածենք»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լևոն Բարսեղյանը կգլխավորի նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքի ավագանու ցուցակը։ Դաշինքը կազմել են «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցությունները։
Դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է ՀՌԱԿ Շիրակի շրջանակի ատենապետ, ՀՌԱԿ ատենադպիր Հովիկ Կարապետյանը, երրորդ տեղում բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանն է։
Կարդացեք նաև
Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը։ Ցուցակի չորրորդ համարում նրա ամուսինն է՝ «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային ղեկավար Վահագն Հովհաննիսյանը։
«Հայրաքաղաք» դաշինքը փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կհանձնի վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ