«Այս համաժողովը համարում եմ Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությունը փրկելու նոր նախաձեռնություն, որն ունի մեծ եւ միջազգային լսարան»,-Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի ժամանակ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Արցախի օկուպացված տարածքներում մնացած հուշարձաններն ու դրանց ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը։ «Ադրբեջանը նախագահի մակարդակով վարում է ակնհայտ հայատյաց քաղաքականություն, Արցախի օկուպացված տարածքներում հայկական ներկայությունը ոչնչացնելու քաղաքականություն, որը հաջողվում է մինչեւ այսօր, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային այցն այդպես էլ չիրականացավ Ադրբեջանի իշխանությունների պատճառով»,-շեշտեց Լուսինե Ղարախանյանը։
Նա նշեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը միայն հայերինը չէ, այն համամարդկային գիտական արժեք է։ «Հավատում եմ, որ մեր պատմամշակութային ժառանգությունը կփրկվի»,-համոզմունք հայտնեց նախարարը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ