Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Աբովյան 9 հասցեում գտնվող հայկական սպորտի խորհրդանիշ Սպորտկոմիտեի պատմական շենքին

Սեպտեմբեր 10,2021 18:40

ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը կանոնակարգային սահմանափակման պատճառով Օլիմպավանում երեկ կայացած ՀԱՕԿ համաժողովում դադարեցրեց իր գործունեությունը փոխնախագահի պաշտոնում: Սակայն նա միաձայն ընտրվեց ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ:

Պարոն Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը մնում է սպորտում եւ առաջվա պես շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: «Ամբողջ կյանքս նվիրել եմ հայկական սպորտին ու չեմ պատրաստվում այսուհետեւ լինել դիտորդի դերում: Շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույն չափով օգտակար լինել, միջազգային իմ բոլոր կապերը ծառայեցնել հայկական սպորտի զարգացմանը»,-ասաց նա:

Դերենիկ Գաբրիելյանը ՀԱՕԿ համաժողովում առաջարկեց պաշտոնապես դիմել կառավարությանը, որպեսզի Աբովյան-9 հասցեում գտնվող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարության շենքը, որը դեռ 1930-ական թվականներից եղել է հայկական սպորտի խորհրդանիշերից մեկը եւ կրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կենտրոնական տուն անունը, վերադարձվի իր իրական տիրոջը: Նա հիշեցրեց, որ այդ շենքում են դրվել բնագավառի հիմքերն ու ավանդույթները, որ այդ շենքի աշխատասենյակներում են աշխատել, միջանցքներում քայլել հայկական եւ համաշխարհային սպորտի լեգենդներ, օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, որ մեր օրերում էլ, մինչեւ շենքը դատարկելը, այնտեղ մուտք ու ելք էր անում օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն մարզիկ, լեգենդար Ալբերտ Ազարյանը, մեր այսօրվա օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները: Նա նաեւ հիշեցրեց, որ Աբովյան 9 հասցեի շենքում անգամ գործել են մարզադպրոցներ, մանկական լողավազան, եղել են նաեւ ննջարաններ, որոնցում Հայաստանում գտնվելիս ապրել են համաշխարհային սպորտի մեր հայրենակից այնպիսի աստղեր, ինչպիսին է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Դերենիկ Գաբրիելյանը նաեւ ընդգծեց, որ այդ հասցեում էր գործում Հայաստանի ներկայիս ազգային օլիմպիական կոմիտեն, որի օրոք Հայաստանը կրկին սկսել է ամենաբարձր հարգի մեդալներ նվաճել ամենաբարձրակարգ մրցումներում:

Համաժողովի պատվիրակները քվեարկությամբ միաձայն հավանության արժանացրին Դերենիկ Գաբրիելյանի առաջարկը եւ որոշեցին մարզաշխարհի անունից պաշտոնական նամակով դիմել կառավարություն:

Հ. Գ.Հետաքրքիր զուգադիպությամբ, երեկվա այս ահազանգից հետո այսօր Սպորտկոմիտեի շենքից կահույքը դուրս էր բերվում եւ բեռնատար մեքենաներով տարվում անհայտ ուղղությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930