Մայր աթոռ սուրբ Էջմիածնում այսօր շարունակվեց «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովը։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրավերին ընդառաջ՝ մասնակցում են, այդ թվում մի շարք երկրների միջեկեղեցական կառույցների ղեկավարներ, եկեղեցիների առաջնորդներ ու գիտնականներ, որոնք բարձրաձայնում են անձի կրոնական իրավունքների ոտնահարման դեպքերի մասին եւ այն խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխարհում խաղաղության հաստատմանը։
«Մեր երկօրյա քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ անձի կրոնական իրավունքները կարող են իրացվել խաղաղության դեպքում, երբ մարդու կամքն Աստծո կամքի հետ համընթաց է։ Որպես քրիստոնյա կառույցների ղեկավարներ՝ մասնակիցները միաձայն են, որ ցանկացած երկրի եւ ազգի կրոնական համոզմունքները պետք է հարգվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ այս տեսանկյունից չափազանց կարեւոր է Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը․ «Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի հարգվեն ամեն հայ քրիստոնյանի իրավունքները, եւ նրանք կարողանան այցելել իրենց ծննդավայրի վանքերն ու եկեղեցիները»։
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ համաժողովի շրջանակում Մայր աթոռ են ժամանել միջեկեղեցական կարեւորագույն կառույցների ներկայացուցիչները․ «Նման ներկայանալի անձնակազմի առկայությունը ենթադրում է, որ համաժողովը շոշափելի ու տեսանելի արդյունքներ կտա։ Վերջնանպատակն է՝ պատրաստել առաջարկներ եւ ներկայացնել աշխարհի այն կառույցներին, որոնք զբաղվում են կրոնական ազատության եւ կրոնական-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով, որպեսզի մեր առաջարկները նկատի ունենան իրենց հետագա գործողություններում»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ