Ավարտվեց նոր ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։ Հանձնաժողովի տեղեկացմամբ՝ այսօր կայացած հարցազրույցում առաջադրված երեք թեկնածուներն էլ հաղթահարել են մրցութային անցողիկ շեմը։
Թեկնածուներից մեկը՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը ստացել է ընդհանուր 308 միավոր, բարեվարքության համար՝ 115 միավոր։
Մյուս թեկնածուն՝ իրավաբան Դավիթ Մկրտումյանը ստացել է ընդհանուր 257 միավոր, բարեվարքության համար՝ 121 միավոր։
3-րդ թեկնածուն՝ Գառնիկ Թորոսյանը ստացել է ընդհանուր 202 միավոր, իսկ բարեվարքության համար՝ 107 միավոր։
Երեք թեկնածուներն էլ հաղթահարել են շեմը եւ ընդհանուր միավորների հանրագումարի 50%-ը, ինչպես նաեւ բարեվարքության համար սահմանված առավելագույն միավորի 60%-ը։
Այսինքն, երեք թեկնածուներն էլ ներկայացվելու են կառավարությանը։
Նշենք, որ նոր ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթ, կոմիտեի ձեւավորումից հետո դադարեցվելու է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ