Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ «Եկամտիս միակ աղբյուրը ոստիկանությունից ստացած թոշակն է եւ կնոջս աշխատավարձը»

Սեպտեմբեր 10,2021 17:47

Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ, թեկնածուներից մեկը՝ իրավաբան Գառնիկ Թորոսյանն այսօր ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ է ուզում դառնալ կոմիտեի ղեկավար, ասաց․ «Տեսնելով որ վերջին երեք տարիներին մեր հանրապետությունում ինչ գործընթացներ են տեղի ունենում, որ երկիրը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում, իսկ նման իրավիճակում գլուխ են բարձրացնում հակահասարակական տարրերը, բացասական երեւույթները։ Ես գտնում եմ, որ իմ անցած ճանապարհը, իմ տեսլականը, որ գուցե բավարար չլինի, բայց անհրաժեշտ կլինի իմ վճռականությունն ու հաստատակամությունը, ես առաջադրվեցի այս պաշտոնին՝ գիտակցելով, որ որոշակի կենսագրական տարրեր գուցե բավարար չլինեն ամբողջական կարծիք ձեւավորելու համար։ Սակայն փորձեցի իմ մասնակցությամբ օգնել եւ նեցուկ լինել պետությանն այս դժվար ժամանակահատվածում եւ իմ գիտելիքները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում»։

Հարցին՝ արդյոք իր համար սկզբունքային է հենց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ լինելը, եւ արդյոք որեւէ դեր խաղում է կոմիտեի նախագահի աշխատավարձը, Գառնիկ Թորոսյանը պատասխանեց՝ աշխատավարձի մասին տեղեկություն չունեմ, դրա մասին չեմ մտածել․«Իսկ կոմիտեն նոր ստեղծվելիք մարմին է, անչափ պատասխանատու, եւ ինձ ոգեւորում է թափանցիկությամբ եւ հաշվետվողականության բարձր մակարդակով»։

Նա ասաց, որ այս կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն է, եւ կոռուպցիոներները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Իր հայտարարագրած գույքի մասին էլ Գառնիկ Թորոսյանն ասաց, որ երկար տարիներ իր եկամտի միակ աղբյուրը ոստիկանությունից ստացած թոշակն է եւ դասախոս կնոջ աշխատավարձը։ Նա նշեց, որ վերջին երեք տարվա եկամուտը եղել է 3.8 մլն դրամ թոշակը՝ ոստիկանությունից եւ մոտ 440 հազար դրամը՝ իր անունով գործող ԱՁ-ի միջոցով մատուցած ծառայության դիմաց։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներն են Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթում առավելագույն միավորները հավաքել է Սասուն Խաչատրյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպելու եւ իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձեւավորումից հետո դադարելու է գործել ՀՔԾ-ն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930