Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով շարունակվում է դատաքննությունը: Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:
Հիշեցնենք՝ 13 տարի առաջ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը ցանկալի ցուցմունք կորզելու համար բռնություն էին գործադրել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու շահերին։ Մասնավորապես դատարանի դահլիճում դատախազությունը ներկայացրեց տեսաձայնագրություն, որը հայտնվել էր լրատվամիջոցում, դրա հետ կապված մանրամասներ:
Անդրադարձան նաև գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի հանցագործությանը, ինչը հիմնավորում է՝ նա բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 10-ին դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Արմեն Մարտիրոսյանը: Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները. «Վաչագան Ներսիսյանը հրահրողն էր, ինքն անձամբ դուբինկայով ոտքերիս տակ է խփել դուբինկայով, իսկ Նարեկ Սիմոնյանը գլխիս, վզիս ա խփել, հակագազ հագցրել»:
Մեղադրող Գուրգեն Սաֆարյանի հարցին ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ որեւէ տեղ այս մասին չի բարձրաձայնել, քանի որ իմաստը չի տեսել․ «Բոլոր բաժանմունքներում էլ նման բաներ են կատարվում»։
Aravot.am-ի Վաչագան Ներսիսյանի պաշտպան Բաբկեն Մարտոյանից հետաքրքրվեց՝ ապացույցների հետազոտման փուլում ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, նա պատասխանեց. «Բացարձակապես նոր բան չկա»: Նա հայտնեց՝ իր պաշտպանյալի առողջական խնդիրներից ելնելով՝ վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդության մերժման հարցով ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Հիշեցրինք՝ նախորդ դատական նիստին Նարեկ Սիմոնյանը հայտարարել էր, թե նախաքննությունն ուղղորդված է եղել և հարցրինք՝ կասե՞ք՝ ինչ հիմքով է նման հայտարարություն հնչեցնում, Բաբկեն Մարտոյանը պատասխանեց. «Դրանց հիմա չեմ անդրադառնա: Շատ բան ունենք ասելու. մեր ելույթներում կանդրադառնանք: Չենք ուզում նախապես դրանք հրապարակել հասկանալի պատճառներով: Իհարկե, ասելիք շատ ունենք»:
Փաստեցինք՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է. «Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, որի ընթացքում Վաչագան Ներսիսյանը մահակով հարվածներ է հասցրել ՝ պատճառելով ֆիզիկական ցավ»: Այնուհետև հիշեցրինք՝ Վաչագան Ներսիսյանը չի ընդունում իր մեղքը: Այս առիթով Բաբկեն Մարտոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կասի այս հանգամանքի մասին, որ նշված է մեղադրական եզրակացության մեջ, նա պատասխանեց. «Դրանք գործի հիմքում են: Այդ կապերին մենք կանդրադառնանք հետագա փուլերում»:
Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ