ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցում է կատարում կորոնավիրուսի կանխարգելման ծայրահեղ միջոցների: Սեպտեմբերի 9-ին նա ստորագրել է հրաման պատվաստումների ծավալների ընդլայնման վերաբերյալ: Նոր կանոնները, մասնավորապես, վերաբերում են դաշնային ծառայողներին, բուժանձնակազմին, խոշոր ընկերությունների աշխատակիցներին:
«Իմ ծրագրում պատվաստումների հետ կապված պահանջները կդիպչեն առնվազն 100 միլիոն ամերիկացիների, որը կազմում է երկրի զբաղվածների երկու երրորդը»,- ասել է Բայդենը:
Այսպիսով, պատվաստումը պարտադիր կլինի դաշնային գերատեսչությունների աշխատակիցների, նրանց ենթակաների համար: Դրա համար ամերիկացի դաշնային ծառայողներն ունեն 75 օր ժամանակ: Հրաժարվողներին սպասվում են կարգապահական միջոցներ: Բացառություն կարվեն այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են պատվաստվել կրոնական կամ առողջական նկատառումներից ելնելով:
Բայդենը նաև կարգադրել է Աշխատանքի նախարարությանը 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններից պահանջել, որպեսզի նրանք կամ պատվաստվեն, կամ ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ հանձնեն:
Կարդացեք նաև
Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ պատվաստումը պարտադիր է Head Start դաշնային ծրագրերի և դաշնային ենթակայության տակ գտնվող դպրոցների 300 հազար ուսուցիչների համար: Պատվաստումների պարտադրանքի տակ են ընկնում նաև 17 միլիոն բուժաշխատողներ:
Բայդենի ծրագիրը պարունակում է նաև դրույթ, որի համաձայն սեպտեմբերի 10-ից հանրային տրանսպորտում դիմակ չկրելու տուգանքը 500-ից կդառնա 1000 դոլար առաջին, իսկ 3000 դոլար խախտումը կրկնելու դեպքում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ