Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողներին կաշառք տալու և ստանալու համար 20 անձի մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 10,2021 16:45

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:

Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական ՀՀ դրամի չափով:

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձի համար Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի տարբեր մասերով:

Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

20 մեղադրյալներից 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված` գործուն զղջալու հիմքով, իսկ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930