Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ այսօր ընտրող հանձնաժողովի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ 2017 թվականին ձեր կինը ստացել է նվիրատվություն՝ մոտ 2,5 մլն դրամի չափով եւ 1600 դոլար, բայց այս տվյալներն առկա չեն 2019-ի հայտարարագրում, ինչո՞ւ։
Սասուն Խաչատրյանը պարզաբանեց՝ 2017 թվականի մայիսին ինքը Հայաստանում չի եղել, նրա դուստրը հրավեր էր ստացել Հունաստանի համալսարաններից մեկից, եւ դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս պահանջվում էր, որ ծնողներից մեկի հաշվին որոշակի գումար լինի, որպեսզի երաշխիք լինի, որ այդ երեխան այնտեղ ապահովված կլինի․ «Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը՝ Տիգրան Գեւորգյանին, խնդրել էր իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Փոխանցվել է, տրվել է տեղեկանք ու ներկայացվել Հունաստանի դեսպանություն, 45 րոպե հետո գումարը հանվել եւ վերադարձվել է Տիգրան Գեւորգյանին»։
Մեկ այլ դիտարկում էլ հնչեց․ «Ձեր կնոջ անվամբ անշարժ գույքի հետ կապված կա որոշակի անհամապատասխանություն»։ «Ոնց հասկանում եմ՝ բոլոր խնդիրները կնոջիցս են»,- կատակեց Սասուն Խաչատրյանը, ապա պարզաբանեց․ «Մենք ամուսնացել ենք 1996 թվականին, կնոջս ծնողները մինչեւ հիմա էլ բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բարձրահարկ շենքում, այդտեղ մի բնակարան ունեն՝ 40-50։ Մենք երբեւիցե տեղյակ չենք եղել, որ այդ բնակարանը սեփականաշնորհելիս կինս իր ծնողների, եղբոր եւ քրոջ հետ ձեւակերպվել է որպես համասեփականատեր։ Մենք տեղյակ ենք եղել, որ ընդամենը հաշվառված է, դա է պատճառը, որ չի հայտարարագրվել, թյուրիմացաբար։ Եկող տարի կհայտարարագրենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ