Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկամտահարկի վերադարձը յուրատեսակ քաղաքաշինական պարարտանյութ է քաղաքաշինական ոլորտին. այն փոխելով՝ 70-80 անկում կունենանք». Վահե Պետրոսյան

Սեպտեմբեր 10,2021 16:29

«Եթե եկամտահարկի վերադարձի օրենքի նախագիծն այդ տեսքով ընդունվի՝ 2 տարի հետո, 2024 թվականից սկսած՝ քաղաքաշինական ծրագրերի տեմպերն էական՝ 70-80 տոկոսով անկում կունենան»,-այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այսպիսի մտահոգություն հայտնեց «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը: Ըստ նրա, դրա հետեւանքները կլինեն արտագնա աշխատանքի գնացող հազարավոր մարդիկ, շինարարական արտադրանքի արտադրությունների դադարեցում եւ այլն:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ պատճառաբանելով, որ այդ ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել:

Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:

Այս առնչությամբ կառուցապատողները լուրջ խնդիր են տեսնում, որը, նրանց կարծիքով, քաղաքաշինության ոլորտը լուրջ ցնցումների կենթարկի:

«Կորոնավիրուսից, պատերազմից հետո մենք պետք է պարարտանյութ տանք տնտեսությանը, որպեսզի սկսի արագ ակտիվանալ: Քաղաքաշինական ոլորտը, որը որ հիմնական դինամիկ աճ ունեցող ոլորտներից մեկն է եղել այս բոլոր ցնցումների ընթացքում, այսօր արգելակում ենք: Եկամտահարկի վերադարձը յուրատեսակ քաղաքաշինական պարարտանյութ է»,-նշեցին ասոցիացիայի անդամները:

Վահե Պետրոսյանի խոսքով, արդեն արված ներդրումների կորուստ չի լինի, քանի որ նախագծով սահուն անցում է սահմանված, բայց խնդիրն այն է, որ նոր ներդրումներ չեն լինի. «Այսինքն՝ մարդը, որը մտածում է 5-10 միլիոն դոլար գումար ներդնի, նոր ծրագիր սկսի, չի անի, փողը կտանի ուրիշ ոլորտ կամ ուրիշ երկիր կամ բանկում կպահի: Իհարկե, կարեւոր է մարզերի զարգացումը, բայց պետք չէ մարզերը զարգացնել Երեւանի զարգացման արգելակման հաշվին»:

Ըստ Վահե Պետրոսյանի, հատկապես՝ կառավարությունը մինչեւ 2050 թվականը բնակչությունը 5 միլիոն հասցնելու հավակնություններ ունի, իսկ այդ փոփոխությամբ անշարժ գույքի շուկան չի զարգանա. «Մարդիկ պետք է մի տեղ ապրե՞ն, թե՞ ոչ: Շուկան պիտի զարգանա եւ հին բնակֆոնդի ռենովացիայի խնդիր էլ կա: Հին շենքեր են, իրենց շահագործման ժամկետներն անցել է, սեյսմակայունության խնդիրներ ունեն: Այդ ամենով պայմանավորված՝ անհրաժեշտ է, որ բնակարանաշինությունը խթանող ծրագրերը ոչ միայն չվերանան, այլ կողքից ուրիշ ավելի արդյունավետ ծրագրեր ավելանան, մենք կոչ ենք անում, որ այս հարցերն ավելի խորը քննարկեն, որ վնասներ չլինեն»:

Ինչ վերաբերում է կառավարության այն հիմնավորումներին, թե 2020 թվականին բյուջեից 13, 3 միլիարդ դրամի եկամտահարկի վերադարձ է եղել, եւ գնալով այդ թիվը աճում է, ասոցիացիայի անդամները հակառակ հաշվարկներն են ներկայացնում. «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բյուջետային ելքերը, որոնք ավելի շատ մուտքեր են բերում, եթե ծրագիրը դադարեցնենք, 80-90 տոկոսով քաղաքաշինական արտադրանքի տեմպերը կընկնեն, հետեւաբար, այդքան տոկոսով վճարած հարկերը կդադարեն մտնել բյուջե, այսինքն՝ 13 միլիարդի 1,3 գործակցով մուտքը 90 տոկոսով կպակասի, 13 միլիարդ դուրս է տալիս, բայց դրա համար 15 միլիարդ մուտք է ունենում: Լավ, 13 միլիարդ մուտք չի ունենա, դուրս էլ չի տա, բայց կտուժի՝ աշխատատեղ չի ունենա, բնակֆոնդը չի թարմացվի, արտագաղթ կլինի»:

Ասոցիացիայի ներկայացուցիչները կենտրոնը բեռնաթափելու՝ կառավարության պատճառաբանությունները նույնպես հիմնավոր չեն համարում: Ըստ ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի, այս ծրագիրն ըստ էության, կենտրոնում չի էլ գործում: «Կենտրոնում 1 քմ-ն նորակառույց շենքում արժե 2000 դոլար եւ հիմնականում 50 միլիոն շեմը գերազանցում է: Մեծ կենտրոնում կառուցապատում էլ որպես այդպիսին չի իրականացվում»:

Պարոն Սաքապետոյանը գտնում է, որ միայն մարզերը զարգացնելու պատճառաբանությամբ օրենքը փոխելը ճիշտ չէ, հատկապես որ մարզերում կառուցապատողների համար չկան բավարար պայմաններ բնակարանաշինություն ծավալելու համար՝ սկսած աշխատատեղերով, վերջացրած ենթակառուցվածքներով. «Այսօր համայնքներում չկա հողի շուկա, եթե փնտրում եւ գտնում ես, շատ բարձր արժեք ունի՝ գրեթե Երեւանում գործող գներին մոտ շուկա է գործում: Հետեւաբար, պետք է ստեղծեն ենթակառուցվածքներ եւ նոր միայն հրավիրեն կառուցապատողներին: Ասոցիացիայի բազմաթիվ ընկերություններ փորձեր արել են համայնքներում կառուցապատում անելու, բայց այդ գրավչության պակասի, ենթակառուցվածքների բացակայության, նվազ լինելու պատճառով ծրագրերը չեն իրականացվում»:

Ասոցիացիայի անդամների խոսքով, եթե կառավարությունն ինչ-որ մի բան փոխում է, այնպես պիտի անի, որ շուկայում չառաջանան ցնցումներ: Ըստ նրանց՝ առանց այդ էլ տնտեսությունը գտնվում է ցնցումների մեջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930