Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի կալանավորված համայնքապետը վատառողջ է, ներկա չէր դատական նիստին

Սեպտեմբեր 10,2021 16:04

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը կմնա ուժի մեջ։

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին կայացած նիստում՝ պաշտպանական կողմը միջնորդել էր կիրառել 20 մլն դրամ գրավ՝ փոխելով խափանման միջոցը։ Ամբաստանյալ Առուշ Առուշանյանը չէր ներկայացել դատարան։ Պաշտպանները հրապարակեցին նրա դիմումը, ըստ որի՝ Առուշանյանը «վատառողջ է, ծանր է տանում Երեւան–Գորիս ավտոճանապարհը»։

Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

Մեկ այլ քրեական գործով, Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3 մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Գորիսի համայնքի ղեկավարից բացի, այս գործով եւս 3 ամբաստանյալ կա՝ Հարութ Լալազարյան, Էրիկ Աղաջանյան, Սամվել Դինունց։ Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է, եւ հերթական նիստի օրը սեպտեմբերի 30-ն է։

Առուշ Առուշանյանը մասնակցելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին՝ «Առուշ Առուշանյան» դաշինքով։ Դաշինքի մեջ են «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930