Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության արտոնյալները. խոշոր գործարարներ և նախկին պաշտոնյաներ. «Հետք»

Սեպտեմբեր 10,2021 16:18

hetq. Կառավարության համար գերակա համարվող ոլորտներում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիրը հաճախ ներմուծման մաքսատուրքից ազատում է ներդրողներին։ Գերակա ոլորտներ են համարվում արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը և կապը։ Մենք ուսումնասիրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության կիրառած արտոնությունների մասին որոշումները՝ հասկանալու համար, թե ովքեր են կառավարության արտոնյալները։

2020թ․ սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը կառավարությունը, ընդհանուր առմամբ, մաքսատուրքից ազատման 31 արտոնություն է տվել 29 տնտեսվարողի։ Այդ 31 արտոնություններից 5-ը բաժին են հասել Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերություններին։ Մաքսային արտոնություն են ստացել նաև նախկին պաշտոնյաներին, այլ երկրների քաղաքացիներին պատկանող, ինչպես նաև սնանկության եզրին կանգնած ընկերություններ։

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին տրված արտոնությունները

2020թ․ նոյեմբերի 30-ին կառավարությունն առանց նիստ գումարելու և որոշման նախագծերը հրապարակելու արտոնություն է տվել 4 ընկերության, որոնցից 2-ը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերություններ են։

Կառավարության որոշման համաձայն՝ «Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ն ստացել է ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։ Համաձայն որոշման հավելվածի՝ ընկերությունը հիմնականում Չինաստանից, Իրանից և ԵՄ-ից տեքստիլ արտադրության համար պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ։

Գործադիրի մյուս որոշման համաձայն՝ «Անիթեքս» ՍՊԸ-ն անկողնային պարագաների արտադրության համար հիմնականում Չինաստանից և Հնդկաստանի հումք պետք է ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ։ Այս դեպքում ևս ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։

«Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ընկերության բաժնեմասի 80%-ը պատկանում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությանը, իսկ 20%-ը Երևանում գրանցված «Քոթոնթինա» ՍՊԸ-ին։ Կիպրոսի ռեգիստրի տվյալներով՝ «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերության 40% բաժնեմասը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնեմաս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարի Նազարեանները:

Կառավարությունն ընկերությանը տարբեր տարիների ևս մի շարք արտոնություններ է տվել․ խոսքը և՛ մաքսատուրքից ազատելու, և՛ հարկային պարտավորությունները հետաձգելու մասին է (1, 2, 3, 4, 5):

Ինչ վերաբերում է «Անիթեքս» ՍՊԸ-ին, ապա այն հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսի 15-ին։ Ընկերության միակ սեփականատերը նույն «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությունն է։ «Անիթեքս» ՍՊԸ-ն կառավարությունից արտոնություններ է ստացել նաև 2018թ․ ապրիլին և հունիսին, ինչպես նաև 2020 թվականի հունվարին։

Այս տարվա մարտի 18-ին կառավարությունը հերթական արտոնությունն է տվել նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող ընկերությանը, սակայն այս անգամ ոչ թե տեքստիլի արտադրությամբ զբաղվող, այլ ծխախոտի։ Գործադիրի որոշմամբ՝ «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ին տրվել է մաքսատուրից ազատման արտոնություն։

Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը մի շարք երկրներից ծխախոտի արտադրության համար պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 12,4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմել է 1,1 միլիարդ դրամ։

«Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի մայիսին, ընկերության միակ սեփականատերը Աստղիկ Ալեքսանյանն է։ Եվ չնայած, որ ընկերությունը փաստացի ծխախոտի արտադրությամբ է զբաղվում, ՊԵԿ-ի տվյալներով՝ այն գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում։

Հուլիս ամսին կառավարությունը կրկին երկու արտոնություն է տվել Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող երկու ընկերությունների։ Նախ հուլիսի 1-ի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն։ Ինչպես նշված է որոշման հավելվածում, ընկերությունը զուգագուլպայի արտադրության համար հումք պետք է ներմուծեր մի շարք երկրներից։ Ներմուծված հումքի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը 106 միլիոն դրամ։

«Ալեքս Տեքստիլը» արտոնություններ էր ստացել նաև 2018 և 2019 թվականներին։

Հուլիսի 28-ին էլ կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատվել է «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ն, որի բաժնետերերն են Աստղիկ Ալեքսանյանն ու Բուլղարիայում գրանցված «Կայֆ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հագուստի արտադրության համար մի քանի երկրներից պետք է ապրանք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքի արտոնությունը գնահատվել է 52 միլիոն դրամ։

Այս ընկերությունը ևս կառավարությունից արտոնություններ է ստացել նաև 2018 և 2019 թվականներին։

Նկատենք, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Աստղիկ Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները ՀՀ կառավարությունից ստացել են 5 արտոնություն։

Նախկին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններին տրված արտոնությունները

2020թ․ հոկտեմբերի 15-ի կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Չինաստանից պետք է ներմուծեր CAT 336-07 մոդելի ցեպավոր էքսկավատոր՝ մոտ 109 մլն դրամ արժողությամբ։

«Կապավոր» ՍՊԸ-ն ճանապարհաշինական հայտնի ընկերություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին Արցախում։ Ընկերության սեփականատերերը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներն են՝ Արման Հակոբջանյանը (93,75%), Արայիկ Հակոբջանյանն (3,75%) ու Լիլիթ Հակոբջանյանը (2,5%)։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի առողջապահության հարցերով խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։

Այս ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել նաև 2021թ․ ապրիլի 8-ին։ Ըստ կառավարության որոշման հավելվածի՝ «Կապավոր» ՍՊԸ-ն Չինաստանից պետք է ներմուծեր 10 հատ CAT 428-07 մակնիշի էքսկավատոր-ամբարձիչ, որոնց ընդհանուր արժեքը 380 միլիոն դրամ է։

2017 թվականի և 2020թ․ մայիս ամիսներին նույնպես «Կապավոր» ՍՊԸ-ն կառավարությունից արտոնություններ է ստացել։

«Կապավոր» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացի ակտիվ մասնակից է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում։ Կառավարությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ է կատարել Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում։

Այժմ «Կապավոր» ՍՊԸ-ն ներգրավված է Արցախի տեղահանված բնակիչների համար նոր տներ կառուցելու աշխատանքներում։

2020-ի հոկտեմբերին տրված վերջին արտոնությունը բաժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը Աբել Ղարիբյանը։

Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ։

Սա «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության ստացած միակ արտոնությունը չի եղել։ Գործադիրը տարբեր տարիների կամ ընկերությանն ազատել է մաքսատուրքից կամ հետաձգել հարկային պարտավորությունների կատարումը (1, 2, 3, 4, 5):

Ինչպես արդեն նշեցինք, ընկերությունը հիմնել են Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայր Աբել Ղարիբյանը, սակայն վերջիններս այլևս բաժնեմաս չունեն ընկերությունում։ Այժմ ընկերության 33,66% բաժնեմասը պատկանում է Արամ և Աբել Ղարիբյանների եղբորորդիներին՝ Արա և Մարկոս Ղարիբյաններին։

32,66%-ը պատկանում է Արմեն Սանդոյանին, իսկ մնացած 33,68%-ը Շվեդիայում գրանցված «Օդեսսնուս ԱԲ» ընկերությանը, որը զբաղվում է սնյուսների (անծուխ ծխախոտ) օնլայն վաճառքով։ Այս ընկերության տնօրենների խորհրդում ևս հայեր են։

2020-ի դեկտեմբերին կառավարությունից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել երկու ընկերություն։ Առաջինը՝ Արցախ Հանրապետությունում գործունեություն ծավալող «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը ծխախոտի արտադրության համար հիմնականում եվրոպական մի շարք երկրներից պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 33 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատումը գնահատվել է 1,7 մլրդ դրամ։

«Ար․ Տոբակո» ՓԲԸ-ի սեփականատերերից մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Համլետ Վաչենանցն է, իսկ մյուս սեփականատերը՝ Գարիկ Աթայանը, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մերձավոր շրջապատի գործարար Միքայել Աթայանի եղբորորդին է։

2021 թվականին կառավարության կողմից առաջին արտոնությունը ստացել է «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն։ Գործադիրի փետրվարի 25-ի որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման նախագծի՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն տղամարդու և կանացի կոշիկի արտադրության համար Իտալիայից պետք է հումք ներմուծեր՝ մոտ 32 միլիոն դրամ արժեքով։

Ի դեպ, թեպետ կառավարության որոշման նախագծում նշված է, որ ընկերությունը կոշիկի արտադրությամբ է զբաղվում, սակայն հարկ է նշել, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ որպես «Դամալա Գրուպի» գործունեության տեսակ՝ նշված է բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում։

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականի հուլիսին։ Մինչև 2020 թվականի հունիսը ընկերության միակ սեփականատերը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը, սակայն վերջինս իր բաժնեմասի 50 %-ը փոխանցել է «Տեքս» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վարդան Վարդանյանն է։

2021-ի ապրիլի 8-ին կառավարության կողմից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել հանրապետության խոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկը «ՄԼ Մայնինգը», որը հանքեր է շահագործում Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։

Ինչպես նշված է կառավարության որոշման հավելվածում, «ՄԼ Մայնինգը» ՍՊԸ-ն օտարերկրյա մի շարք պետություններից արդյունահանման աշխատանքների համար տեխնիկա պետք է ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3,7 մլրդ դրամ, իսկ մաքսային արտոնությունը՝ 311 մլն դրամ։

«ՄԼ Մայնինգը» առաջին անգամ չէ, որ օգտվում է կառավարության արտոնություններից։ Այս ընկերությունը գործադիրից արտոնություն է ստացել նաև 2017 (1,2), 2018 և 2019 թվականներին։

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին: 2010 թվականից ընկերության միակ սեփականատերը Դավիթ Սուքիասյանն է, որ 2017-2020 թվականներին զբաղեցրել նախ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարի, ապա նաև գլխավոր քարտուղարի պաշտոնները։

Այս տարվա մայիս ամսին կառավարությունը ոչ մի տնտեսվարողի արտոնություն չի տվել, իսկ հունիս ամսին մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել «Բարի Արև» ՍՊԸ-ին, որը զբաղվում է արևային կայանների կառուցմամբ և շահագործմամբ։

Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը արևային կայանների կառուցման համար Չինաստանից 718 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ապրանք պետք է ներմուծեր, իսկ գործադիրի տված մաքսատուրքի արտոնությունը կազմել է 67 միլիոն դրամ։

«Բարի Արև» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության 19% տոկոս բաժնեմասը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ 41% բաժնեմասը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար (2014-2018թթ․) Հայկ Հարությունյանին։

Հայկ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է, ԱԱԾ նախկին փոխտնօրեն, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր Արզուման Հարությունյանի որդին։ Մնացած 40% բաժնեմասն էլ պատկանում է Արմեն Ղարիբյանին։

Սնանկության եզրին կանգնած և հետախուզվող ընկերությանը կառավարությունը մաքսային արտոնություն է տվել

2020թ․ հոկտեմբերի 1-ի որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել «Այ Պլաստ» ընկերությանը, որը զբաղվում է վիրաբուժական պարագաների արտադրությամբ։ Կառավարության որոշման հավելավածում նշված է, որ ընկերությունն իր արտադրության համար Չինաստանից պետք է ներմուծեր 33 միլիոն դրամի անհրաժեշտ պարագաներ։

Այս ընկերությունը կառավարության արտոնություններից օգտվել է նաև 2017 և 2019 թվականներին։

«Այ Պլաստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականի հունիսին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Հարութ Գասպարն է։

2021թ․ փետրվարի 17-ին «Գազել Ֆինանս» վարկային կազմակերպությունը «Այ Պլաստ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան։ Սնանկության դատարանի՝ 2021թ․ մայիսի 10-ի որոշմամբ «Այ Պլաստ» ՍՊԸ-ի գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ պարտապան հանդիսացող «Այ Պլաստ» ընկերության տնօրեն Հարութ Գասպարի գտնվելու վայրը հայտնի չէ, այդ պատճառով նա ընկերության սնանկությունը վիճարկելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, և հենց դրա համար էլ գույքի և փաստաթղթերի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Աննա Սահակյան, Ռիմա Գրիգորյան, Սոնա Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930