Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյան․ «Ավտոմեքենա չունեմ, բնակարանը ձեռք եմ բերել վարկով»

Սեպտեմբեր 10,2021 15:41

Այսօր մեկնարկել է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են երեք թեկնածուներ՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը:

Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպելու եւ իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձեւավորումից հետո դադարելու է գործել ՀՔԾ-ն։

Թեկնածուներից Սասուն Խաչատրյանի հարցազրույցի ժամանակ հարց հնչեց՝ թե իր կարծիքով ինչո՞ւ է մեր երկրում այս երեսուն տարիներին տապալվել հակակոռուպցիոն պայքարը։ Ի պատասխան այս հարցի, Սասուն Խաչատրյանն ասաց․ «Հաջողված չեմ համարի այդ երեսուն տարիների հակակոռուպցիոն պայքարը։ Չեմ ասի, որ որեւէ պայքար չի եղել։ Եղել է։ Եղել է նաեւ պայքարի իմիտացիա՝ որոշ դեպքերում։ Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Կարծում եմ՝ այսօր քաղաքական կամքը կա, եւ իրոք, լայն հնարավորություններ կան ոչ թե իմիտացիայով զբաղվել, այլ իրական գործ անել»։

Հարցին՝ արդյոք երբեւէ որեւէ քննիչի կարգապահական տույժի ենթարկե՞լ է, թե՞ ոչ, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ նկատողություն է տվել մի քննիչի, երբ անձը դիմել էր քննիչին՝ իրեն խոշտանգելու վերաբերյալ, նա գտնվում էր մեկուսարանում, իսկ քննիչն այդ անձին այցելել էր հաղորդումը ստանալուց յոթ օր անց։ Մինչդեռ քննիչը պարտավոր էր նույն օրը կամ գոնե երկրորդ օրն այցելել հաղորդում տված անձին, քանի որ բժշկական փորձաքննություն նշանակելու խնդիր կար, իսկ մարմնական վնասվածքները շատ արագ են վերանում։

Մեկ այլ հարցի ի պատասխան էլ Սասուն Խաչատրյանն ասաց՝ բարձրաստիճան կոռուպցիայի ամենացայտուն հատկանիշը հիերարխիկ կառուցվածքն է, որովհետեւ այդ հիերարխիկ կառուցվածքի բացակայության պայմաններում դժվար է պատկերացնել կոռուպցիոն բուրգը․ «Իսկ կոռուպցիոն բուրգի բացակայությունը, եթե տակը հիմնաշենք չլինի, գագաթը չի մնա, եւ ներքեւները չեն հանդուրժի, որ վերեւները զբաղվեն կոռուպցիայով, իսկ իրենք՝ ոչ»։

Իր հայտարարագրած գույքի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ պարոն Խաչատրյանն ասաց․«Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով, հայտարարագրում այդ մասին նշված է։ Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում, «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, բնակարանի արժեքի տարբերությունը շուկայական գնից շատ մեծ չի»։

Սասուն Խաչատրյանի ներկայացմամբ՝ ավտոմեքենա չունի, վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը պատկանող ավտոմեքենայից, որն, ըստ Խաչատրյանի, շատ հազվադեպ է վարում․ «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես քիչ եմ վարում մեքենա, քանի որ ունեմ ծառայողական մեքենա, իսկ ես առավոտից ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ լինում»։

Նա ասաց, որ այդ մեքենան՝ կնոջ եղբորը պատկանող, որը երբեմն ինքն է վարում, արժե տասը միլիոն դրամ, Porsche cayenne մակնիշի է, 2011 թվականի արտադրության․ «Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ձեռք բերել այդ մեքենան, երեք կամ չորս տարի առաջ։ Այդ ավտոմեքենան ես շահագործում եմ երեւի 2019 կամ 2020 թվականից։ Ձեռք բերելուց հետո շահագործել են մի քանի անձինք, այդ թվում՝ ես։ Այն մշտապես իմ տրամադրության տակ չի լինում»։ Սասուն Խաչատրյանն ասաց, որ ինքը կարող է գնել այդ մեքենան, բայց քանի որ ծառայողական մեքենա ունի, կարիք չունի սեփական մեքենայի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930