Շա՞տ անսպասելի էր ՔՊ-ականների քվեարկությունը եւ հանձնաժողովի որոշումը՝ հարցրեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, որն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծ էր ներկայացրել ու մերժվել:
Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Շատ չէ: Բայց ենթադրում էի, որ սրա վերաբերյալ մեր գործընկեր ՔՊ-ական պատգամավորները շատ ավելի ինքնուրույն կլինեին, քան թե նախապես որոշել էին: Ձեռնպահ քվեարկելը ընդհանրապես վատ սովորություն է, ցանկացած հարցում մարդ պիտի կարողանա դիրքորոշում ունենալ՝ «կողմ» կամ «դեմ»: «Ձեռնպահ» լինելը լավ բան չի ասում մեր գործընկերների կողմնորոշման, դիրքորոշման մասին: Շատ բան չէինք պահանջում: Մենք նախապես բանավոր քննարկում ունեցել էինք այս հարցի վերաբերյալ: Բազմաթիվ հարցեր քննարկել էինք, նաեւ հետաձգել էինք այս նախագծի քննարկումը՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, լրամշակել էինք: Կուզենայի, որ մեր գործընկերները լինեին ավելի սկզբունքային եւ կոճակ սեղմողների հոգեբանությամբ չառաջնորդվեին Արցախի հարցի պարագայում»:
Աղվան Վարդանյանը վստահ է, որ հանձնաժողովում բացասական եզրակացության պարագայում հարցը չի մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որովհետեւ ՔՊ-ն «դեմ» կքվեարկի. «Մենք կունենանք պատկեր, թե այս իրավիճակում իշխող քաղաքական մեծամասնությունն ինչպես է վերաբերվում Արցախի հիմնախնդրին: Զգուշացրեցի նիստին՝ հիմա դուք կարող եք այս փուլն էլ անցնել, բացասական եզրակացություն տալ, բայց վաղը մենք ունենալու ենք այլ հարցեր: Մենք ունենալու ենք այլ առաջարկներ նաեւ Արցախի հանրապետությունից: Հիմա քայլ չանելով՝ հաջորդ քայլն ավելի բարդ է լինելու անել իշխող խմբակցության համար: Կուզենայի, որ նրանք ինչ-որ մի տեղից դադարեին մեկ մարդու թելադրանքով առաջնորդվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ