Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պետք է գնար Show must go on երգի ներքո». Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիրներին

Սեպտեմբեր 10,2021 14:59

«Ձեր նախագիծը բացի ներպետական սպառումից՝ որեւէ հարց չի սպառում: Քննարկումների արդյունքում Արցախի ժողովուրդը սուբյեկտից կվերածվի օբյեկտի, ես դա թույլ չեմ տալու»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության բերած նախագծին:

Հիշեցնենք, որ քննարկվում էր «ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Ընդդիմությունը մասնավորապես առաջարկում էր ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, այսինքն, այն նույն առաջարկն էր բերել, որը մեկ անգամ արդեն քննարկվել էր ու մերժվել ԱԺ-ում:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Շատ կարեւոր է, թե ինչ ենք անում մենք: Այս հարցի հանգուցալուծումից է կախված դա: Դեպի ապագան ուղղված քայլ ենք անում, թե փորձում ենք մեր ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը մի փոքր ավելի նվազեցնել: Սուբյեկտից օբյեկտ դառնալու խնդրի հետ կապված համաձայն եմ, մեր բոլորիս խնդիրը պետք լինի այսօրվա նվազած ինքնաիշխանությունը ամրապնդելը ու խորապես համոզված եմ, որ մեր այս քայլն ուղղված է ինքնիշխանությունը ապահովելուն»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ընդդիմությունը փորձել է բերել նախագիծ, որ հանրության մոտ իշխանությունը դառնա վատամարդ, ընդդիմությունը՝ լավամարդ:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը հարցրեց, թե ինչով է այս հանձնաժողովի ստեղծումը վատթարացնելու զրոյական վիճակը, դրանով ազդակ կհղեն միջազգային հանրությանը:

Վարդանյանը պատասխանեց, որ վատթարացնող է, քանի որ մխրճվելու են տարբեր ոլորտներ:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ Արցախի հարցը ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում պիտի տեղ չգտնի, իսկ Արցախի հետ կապված հարցերը պետք է նախապես քննարկել ու եթե համաձայնության չեն գալիս, հանրային քննարկման առարկա չդարձնել. «Պատկերացրեք ինչ ազդակ կստանան Արցախում, եթե առաջարկեք ու չանցնի: Քաղաքականապես սա լուրջ չի: Չի կարող քաղաքական պայքարի դաշտ դառնալ Արցախի խնդիրը, մանիպուլյացիաների, դիմացինի կարգավիճակը ճնշելու»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում ասաց. «Ո՞րն է խնդիրը, մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառն արտասանելուց, վախենո՞ւմ ենք Արցախի հանրապետություն արտահայտությունը կառավարության ծրագրում գրելուց, վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց»:

Նա ասաց, որ իշխանականները խուսափում են Արցախ բառն օգտագործել անգամ:

Վլադիմիր Վարդանյանի արձագանքը հետեւյալն էր. «Սա պետք է գնար show must go on երգի ներքո: Ես Արցախի հանրապետություն բառն օգտագործելուց չեմ վախենում, ես ընդհանրապես շատ քիչ բաներից եմ վախենում»: Ըստ նրա, ազդակները վտանգավոր կարող են լինել ու մենք չպետք է թույլ տանք, որ Արցախի հարցը ներպետական «աչոկներ» հավաքելու համար ծառայի:

Իշխանականները ձեռնպահ քվեարկեցին ու նախագիծը, ինչպես հայտնել ենք, բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930