Լրահոս
Օրվա լրահոսը

«Lexus–ի անեկդոտը հիշեցի. ասում է՝ ինչի՞ ես տխուր, ասում է՝ հեչ, դարդերս քիչ էր, հարեւանս էլ Lexus է առել». Վլադիմիր Վարդանյան

Սեպտեմբեր 10,2021 14:38

Այսօր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Երբ քննարկվում էր 8-րդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովների հարցը, ընդդիմությունն առաջարկել էր ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, բայց այդ առաջարկը մերժվել էր: Հիմա այս տարբերակով փորձեց եւս մեկ անգամ այդ հարցը օրակարգ բերել, բայց այս անգամ էլ ՔՊ-ականները ձեռնպահ քվեարկեցին:

Քննարկման ժամանակ հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս նախագծով առաջարկվում է Հայաստանի եւ Արցախի միջեւ առկա միջխորհրդարանական համաձայնագրի պարագայում արդյունավետ ձեւաչափը, որը նախագահում է ՀՀ-ի ԱԺ նախագահը եւ Արցախի ԱԺ-ն, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակին: Սա նշանակում է հարաբերությունների սառեցում:

Այս նախագիծը որոշ առումով հարեւանների ջրաղացին ջուր է լցնում այն առումով, որ Արցախի հարցը կդիտարկվի զուտ տարածքային վեճ. «Մենք պետք է խոսենք բացառապես ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Եթե ուզում եք իրոք զբաղվենք այս հարցով եւ օգտակար լինել, սխալ գործիքակազմ եք ընտրել: Ցավոք, այն առավելապես ունի ներպետական սպառման բովանդակություն: Այս փոփոխությունը որեւէ մեկ քայլ չի մոտեցնում մեզ Արցախի հարցի կարգավորմանը»:

Աղվան Վարդանյանն ասել էր, որ Արցախի եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստը եղել է 2019-ին, այն էլ՝ Բաքվի ջարդերի թեմայով: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ տարին առնվազն 3 անգամ հանդիպումներ լինում են: Նա նշեց, որ արտաքին դաշտում ընդդիմադիրների հետ պատրաստ են Արցախի հարցի համար ուս ուսի տված պայքարել, բայց պետք է ընտրեն արդյունավետ լուծումներ: Նա նշեց, որ այս փոփոխությունը չի լուծում խնդիրը, բայց չի էլ վատթարացնում իրավիճակը: Այնուամենայնիվ, Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այս նախագիծն ընդունել:

Աղվան Վարդանյանն ասաց, որ երբ ասում են՝ այս նախագիծը դեպի ապագան միտված չի, պետք է ճշտել, թե ո՞ր ապագան նկատի ունեն. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա մոտեցում է՝ դեպի ապագան միտված: Ինչ են ասում մեր հարեւանները, մենք ամեն օր լսում ենք: Ինձ համար ավելի կարեւոր է՝ ինչ ենք ասում մենք: Ասո՞ւմ ենք, թե՞ չենք ասում, մենք սեփական, պետական դիրքորոշում ունե՞նք այս հարցերի վերաբերյալ, թե՞ չունենք: Դուք ասում եք՝ կլինի հարաբերությունների սառեցում, ինչպե՞ս կլինի, երբ որ ես չեմ ասում միջխորհրդարանական համաձայնագիրը չեղարկեք: Սա կնշանակի հարաբերությունների՝ ավելի նոր մակարդակի բարձրացում»:

Ինչ վերաբերում է թշնամու ջրաղացին ջուր լցնելուն՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ իշխանությունները կարծես վերջին շրջանում իրենց գործողությունները դրանով են պայմանավորում ՝ջուր կլցնի, թե չի լցնի. «Մե՛ր ջրաղացին ենք մենք ջուր լցնում: Մենք մեր կանգնած ջրաղացն ենք փորձում աշխատեցնել»:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Իրոք, կարեւոր չի, թե մեր հարեւաններն ինչ են ասում, կարեւոր է, թե ինչ ենք անում մենք: Lexus–ի անեկդոտը հիշեցի. Ասում է՝ ինչի՞ ես տխուր, ասում է՝ հեչ, դարդերս քիչ էր, հարեւանս էլ Lexus է առել: Չէ, մենք առաջնորդվում ենք մեր խնդիրներով ու մեր ոչ թե ասելիքներով, այլ անելիքներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930