Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե մեզ համար Հայաստան-Կիրգիզիա հարաբերությունները նույն մակարդակի վրա են, ինչ Արցախի հետ հարաբերությունները, թերեւս դուք ճիշտ եք». Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

Սեպտեմբեր 10,2021 14:08

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Ինչպես տեղեկացրել ենք, ընդդիմությունն առաջարկել էր ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, բայց այդ առաջարկը մերժվել էր: Հիմա ընդդիմությունը փորձեց եւս մեկ անգամ այդ հարցը օրակարգ բերել, բայց այս անգամ էլ ՔՊ-ականները ձեռնպահ քվեարկեցին ու դրական եզրակացություն չստացավ նախագիծը:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովի ձեւավորումը արտաքին աշխարհի համար կարեւոր է: ԱԺ փորձագիտական վարչությունը գնահատական է տվել, որ արդեն կա Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, իմաստ չունի նոր հանձնաժողով ստեղծել: Աղվան Վարդանյանն ասաց, որ դա անտեղի քաղաքական գնահատական է:

Sitting of the Standing Committee on State and Legal Affairs took place at the RA National Assembly

ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանը ճշտեց՝ դուք ուզում եք, որ ՀՀ-ի եւ Արցախի հանրապետության միջեւ հարաբերությունները միայն մեկ խողովակո՞վ կատարվի, մյուս հանձնաժողովներով չե՞ն տեսնում ՀՀ ԱԺ-ի եւ Արցախի միջեւ շփումը: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ 12 հանձնաժողով ունի ԱԺ-ն, այդ թվում՝ Եվրոպական ինտեգրման հարցերի եւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովներ, իրենց ամբողջ գործառույթները առնչվում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Ըստ Վարդանյանի, այստեղ որեւէ խնդիր չկա ու ՔՊ-ականների մոտեցումը արհեստական է:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ ասաց, որ միջխորհրդարանական հանձնաժողով կա, ի՞նչ նոր բան են ավելացնելու սրանով: Աղվան Վարդանյանն էլ պատասխանեց. «Մենք միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, ասենք, Բելառուսի հետ, Տաջիկստանի կամ Ղրղըզստանի հետ, Կիպրոսի հետ: Եթե մեզ համար Հայաստան-Կիրգիզիա հարաբերությունները, կամ Բելառուսի հետ հարաբերությունները նույն մակարդակի վրա են, ինչ Արցախի հանրապետության հետ հարաբերությունները, թերեւս դուք ճիշտ եք: Բայց մենք խոսում ենք այս իրողությունների պայմաններում Արցախի խնդրի կարեւորությունը հանրության եւ խորհրդարանի համար, մենք նաեւ սա պետք է հաշվի առնենք: Այն ագրեսիվ հայտարարությունները, որոնք անում են մեր հարեւան երկրները, մեզ ուղղակի պարտադրում են մեզ պահել՝ իբրեւ անկախ պետականություն ու մեր առաջնային խնդիրները կարեւորել, ազդակներ ուղարկել միջազգային հանրությանը, որ մեզ համար այս խնդիրն ավարտված չի, ինչպես պնդում են մեր ու ձեր հարեւանները: Շատ կարեւոր է այս ազդակը ցույց տալու, որ մենք երկիր ենք, հանրություն ենք,ունենք խնդիրներ ու հետամուտ ենք լինելու այդ խնդիրներին՝ իբրեւ խորհրդարանական երկիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930