«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Կարեն Խաչատուրովի «Ռետրոսպեկտիվ վոյաժ» խորագիրը կրող անհատական ֆոտոցուցահանդեսը։
Լուսանկարների հետ միասին ներկայացված են ինստալյացիաներ եւ պրոյեկցիա, որոնք ավելի են ընդգծում ասելիքը:
«Ռետրոսպեկտիվ վոյաժ» շարքը շատ վաղուց էի ուզում անել, քանի որ դեռ վաղ տարիքից պապիկս շատ էր պատմել իր ճանապարհորդությունների մասին: Հասուն տարիքում ինքս էլ սկսեցի ճանապարհորդել, որը սկիզբ դրեց այս ֆոտոշարքիս ստեղծմանը: Պահն արդեն հասունացել էր ունենալու կոլաժային ֆոտոշարք ու այդ ամենն ի ցույց դնելու հանրությանը: Ընդհանուր առմամբ, շատ աշխատանքներ ունեմ, եւ առանձնացնել որեւէ մեկը՝ չեմ կարող, բոլորն էլ սիրում եմ: Իմ որոշ շարքեր հասել են հաջողությունների, դրանից մեկը հենց այս շարքն է` պապիկիս նվիրված»,-նշեց Կարեն Խաչատուրովը:
Նա հավելեց, որ ցուցահանդեսներ ունեցել է թե ՀՀ-ում, թե՛ արտերկրում:
«Այս ցուցահանդեսիս ներկայացված է 7 լուսանկար, որոնց վրա ձեռքի աշխատանք կա: Լուսանկարներում պապիկս է եւ այն երկրները, որտեղ նա եղել է: Ներկայացված է նաեւ պապիկիս անձնագիրը, որտեղ կան իր ճանապարհորդությունների վիզաները, իսկ ինքնաթիռի ներսի տեսագրությունը դա ավելի պատկերավոր է դարձնում»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարենի «Ռետրոսպեկտիվ վոյաժ»-ի ցուցադրությունը բաց է այցելուների համար մինչեւ սեպտեմբերի 12-ը, մուտքն ազատ է:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ