Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ապապրոֆեսիոնալցրել ենք կրթության ոլորտը». ՍԵրոբ Խաչատրյան

Սեպտեմբեր 10,2021 12:54

«Ֆինլանդացի փորձագետները ժամանակին զգուշացնում էին, որ շատ մի ոգեւորվեք մեր կրթական համակարգով, որովհետեւ այն կարող է ձեր երկրներում չաշխատել; Օրինակ, երբ նայում ենք Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Չինաստանը, իրենք լավ կրթական համակարգեր ունեն, որովհետեւ դրանք հիմնված են տվյալ ժողովուրդների կարիքների եւ տվյալ երկրների առանձնահատկությունների վրա»,- նշեց Հանրային լրագրության ակումբի «ԱՐԺԵՔավոր զրույց» խորագրի ներքո հյուրընկալված կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա ցավով փաստեց, որ Հայաստանում կրթությունը դիտարկվում է իբրեւ շատ նեղ ոլորտ. «Հայ ժողովուրդը բավականին պարադոքսալ ժողովուրդ է: Օրինակ, արեւմտյան ժողովուրդներն ունեն իրենց կողմնորոշումները, արեւելքն` իր, մինչդեռ մեզ մոտ երկուսն էլ կան: Ես նկատում եմ, որ ինչ-որ հարցերում մենք շատ անհատապաշտ ենք, որովհետեւ պետությունը հոգ չի տանում քաղաքացիների մասին, եւ ամեն քաղաքացի ստիպված ինքն է դառնում է պետություն, իրեն հռչակում է պետություն:

Մյուս կողմից, խորքային առումով, մենք կոլեկտիվ ժողովուրդ ենք, մեզ մոտ առկա է համայնքային ապրելակերպը, սոցիալական խմբային մոտեցումները: Ուստի, կարծում եմ, որ Հայաստանում կրթական համակարգը պետք է հիմնվի այս երկու բեւեռները խելամիտ օգտագործելու վրա: Մենք չենք կարող գնալ արեւմտյան անհատապաշտական համակարգով, որովհետեւ մեր մշակույթում բավական կոլեկտիվիստական, համայնքային էլեմենտներ կան, մյուս կողմից էլ, եթե համայնքային էլեմենտներն էլ թողնենք, դա էլ է վտանգավոր… Մենք պետք առաջնորդվենք հասարակության ամենահայտնի եւ գործող օրենքներից մեկով, որը հակադրությունների միասնության եւ պայքարի օրենքն է»:

Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ, հայ ժողովուրդը քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող ժողովուրդ է, ուստի երկուսից էլ ինչ-որ բաներ վերցրել է: «Մեզ անհրաժեշտ է համակարգաշինություն, որովհետեւ այն, ինչ Հայաստանում պետք է տեղի ունենար անկախությունից հետո, համակարգերի կառուցում էր, բոլոր ոլորտներում, մասնավորապես կրթության ոլորտում պետք են շինարարական կառուցողական մտածողությամբ մարդիկ, որոնք պետք է հիմքից համակարգ կառուցեն: Իսկ այն համակարգերը, որ այսօր ունենք, ըստ էության, չաշխատող, կեղծ համակարգեր են»,-ընդգծեց կրթության փորձագետը:

Նա վստահ է, որ դրա իրականացման համար կա համապատասխան մարդկային ռեսուրս, սակայն այլ խնդիր էլ կա. «Կրթության ոլորտը տասնամյակներ շարունակ, այսօր` նույնպես շարունակում է մնալ որպես սոցիալական ոլորտ…Եթե ինչ-որ մեկը համալսարան է ավարտել, մտածում են, որ կարող է հանգիստ աշխատել կրթության ոլորտում: Կա ընկալում, որ եթե համալսարանի դիպլոմ ունես, կարող ես կրթության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնել` առանց ճանապարհ անցնելու»:

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այսօր ապապրոֆեսիոնալցրել ենք կրթությունը. «Ես նաեւ չեմ հիշում մի պահ, երբ Հայաստանի կրթության ոլորտում եղել է համախմբում…Ցավոք, միշտ եղել են ինտրիգներ, այս կուսակցությունը, կամ այն կուսակցությունը մերոնք ու ձերոնք են արել; Եվ եթե դուք նայեք կրթության ոլորտը, այդ բոլոր շերտերի մարդիկ կան…. Մարդիկ կան, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին են հայտնվել կրթության ոլորտում, ոմանք` ՀՅԴ-ի, հետո ՀՀԿ-ի, ապա ՔՊ-ի: Այս մոտեցումներով կրթության ոլորտը դարձել է մարդկանց աշխատանքի տեղավորելու ոլորտ»:

Կրթության փորձագետը փաստեց. «Հայաստանում քաղաքական էլիտաները միշտ բարձրագոչ ելույթներ են ունեցել կրթության մասին, բայց չեմ հիշում մի իշխանություն, որը կրթության հարցը դարձրել է իր քաղաքական օրակարգի մաս…Սեպտեմբերի 1-ին, Վերջին զանգի օրերին միշտ ճառեր են հնչել, մնացած օրերին Հայաստանում կրթությունը մնացել է լուսանցքում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930