Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 13,5 մլն դրամ՝ 6 բնակավայրի մանկապարտեզներին օժանդակելու համար

Սեպտեմբեր 10,2021 12:04

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։

Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի առնելով հաստատությունների շենքերի գերազանց ֆիզիկական վիճակը, կահավորված լինելը, ինչպես նաև համայնքների՝ ներդրում կատարելու պատրաստակամությունը: 6 համայնքի 226 սանի համար հաշվարկած տարեկան կտրվածքով մոտ 54.3 միլիոն դրամից 2021 թվականին կհատկացվի միայն 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ մասը՝ հետագայում դրա շարունակականությունն ապահովելու նախապայմանով:

Նշենք, որ ներկայում հանրապետության շուրջ 250 բնակավայրում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն չի մատուցվում:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հատկապես փոքրաքանակ համայնքներում և բնակավայրերում գործարկել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ։ Դրանք, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը, քանի որ խնդիրն առկա է նաև այն համայնքներում, որոնք չեն կարողանում ապահովել առկա հաստատությունների պահպանման ծախսերը:

Ներկայում հանրապետության 49 բնակավայրում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքեր (գերազանց, լավ և բավարար ֆիզիկական պայմաններով), որոնք, սակայն, չեն գործարկվում համայնքների բյուջեի անբավարար միջոցների պատճառով:

Հետևաբար, առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։

Նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիք են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թվականին հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ինչպես պետբյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ 2021 թվականին դրամաշնորհային ծրագրի ձևաչափով հանրապետության 10 համայնք հնարավորություն է ստացել ներդնել նախադպրոցական ծառայություններ։

Հավելենք, որ ՀՀ կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև Կառավարության ծրագրային նպատակներից մեկը։ Մասնավորապես, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արձանագրված է՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնելով առնվազն 85 տոկոսի։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930