Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյան. Հույս ունեմ, որ Փաշինյանի այդ միտքը լեզվի սայթաքում էր, սխալ ձեւակերպված միտք. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2021 11:30

Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթական անգամ բորբոքել հասարակության կրքերն ու խաղալ մարդկանց, հատկապես պատերազմում զոհվածների հարազատների զգացմունքների հետ։ Նա կառավարության այս շաբաթվա նիստին հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը պետք է նշել մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությամբ, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

Այսինքն՝ գունագեղ տոնակատարությամբ, լուսային շոուներով, հավանաբար, որոշել են հրավառությամբ հարգել զոհերի հիշատակը։ Սա, բնականաբար, առաջացրել է շատերի, հատկապես՝ զոհերի հարազատների զայրույթը։ Թեմայի շուրջ երեկ զրուցեցինք Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ, որը Տարոն Մարգարյանի օրոք համակարգում էր քաղաքապետարանի մշակույթի ոլորտը։

– Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք սեպտեմբերի 21-ին նախատեսվող գունագեղ տոնակատարության, դրա անցկացման ձեւաչափի հետ կապված։

– Ես համարում եմ, որ բոլոր դեպքերում միջոցառում պետք է անել եւ անպայմանորեն անդրադարձ կատարել վերջին տարվա ցավալի իրադարձություններին։ Անտարբեր մնալ 30-ամյակին՝ անթույլատրելի է։ Իհարկե, միջոցառում պետք է արվի։ Բոլորովին այլ հարց է, թե որքանով զուսպ, որքանով ավելի ճաշակավոր պետք է լինի երգերի, երգացանկի ընտրության հարցը։ Կարծում եմ, որ ուշադիր կլինեն կազմակերպիչները բովանդակային մասին, որովհետեւ էստեղ խնդիրը գունագեղությունն ու ճոխությունը չէ, այլ բովանդակային մասը, թե ինչ մեսիջ, ինչ ասելիք ունենք հասարակությանն ուղարկելու եւ ինչ հետագա տրամադրվածություն՝ դեպի մեր պետությունը, հայրենիքը, ունեցածը եւ այլն, եւ այլն, մասնակի նույնիսկ հեռանկարներն ուրվագծելով։

– Բայց Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատերը քննադատեցին, անգամ հայհոյեցին ու անիծեցին նրան։ Կարծում եք՝ բարոյակա՞ն է այսօր, այս իրավիճակում էլ ավելի բորբոքել հասարակության կրքերը՝ ասելով, թե զոհերի հիշատակին գունագեղ տոնակատարություն են կազմակերպելու։

– Անկեղծ ասած՝ ձեւակերպումը ես էլ լավ չեմ ընկալել՝ մտածելով, որ գուցե լեզվի կամ ձեւակերպման սայթաքում էր, կետադրական նշաններ նույնիսկ փորձեցի փնտրել նախադասության մեջ, որով ավելի կարդարացվեր։

– Կետադրական նշաններ էիք փնտրում, որ արդարացնեի՞ք Փաշինյանի խոսքը։

– Նկատի ունեմ, որ չեմ կարծում, որ այդ միտքն էր ուղղված, որ տոնակատարություն արվի՝ ի հիշատակ զոհերի։ Իհարկե, չեմ կարծում, որ էդպես էր ուզում ասել, գուցեեւ էդպես ստացվել է։ Իհարկե, շատ տարօրինակ է հնչեցրած միտքը, չեմ կարծում, որ այդպես էր ուզում ձեւակերպած լինել։ Իսկ ձեւակերպման հետ կապված համոզմունքները, կարծում եմ, միջոցառումից հետո եւ միջոցառման օրը մեզ բոլորիս պարզ կլինեն, թե իրականում դա որքանով էր գունագեղ, որքանով էր ճոխ, եւ որքանով կորստի զգացում կունենա այդ միջոցառումը, ինչ հետք կթողնի մեզանում եւ այլն, եւ այլն։ Իհարկե, ես՝ անձամբ, կնախընտրեի, որ շատ ավելի զուսպ լիներ այս տարի։

– Ես Ձեր խոսքից տպավորություն ստացա, որ կարծես փորձում եք արդարացնել Փաշինյանի այդ միտքը, որի համար նրան այդքան քննադատում են։

– Ես չեմ արդարացնում, այլ չեմ կարծում, որ նա ցանկություն է ունեցել այդպիսի ձեւակերպման։ Մտածում եմ, հույս ունեմ, որ դա ընդամենը լեզվի սայթաքում էր, սխալ ձեւակերպված, շարադրված միտք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930