Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով ԲԴԽ որոշման վերլուծություն

Սեպտեմբեր 10,2021 11:02

Սույն թվականի օգոստոսի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Նշենք, որ թեև սույն գործով ԲԴԽ-ն որոշել է Դատավորին չենթարկել կարգապահական պատասխանատվության, սակայն գործի նախապատմությունն ու որոշումը հետաքրքական են մի քանի պատճառներով։

Նախ, վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել դատավորի՝ լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցը, ինչը նախկինում խիստ հազվադեպ հանդիպող երևույթ էր, քանի որ դատավորները սովորաբար խուսափում էին հրապարակայնությունից և լրագրողներից։ Երկրորդ՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը քննում էր Ռոբերտ Քոչարյանի գործը․ հենց նա 2019 թվականի մայիսին կալանքից ազատեց Հայաստանի երկրորդ նախագահին, իսկ գործի վարույթն էլ կասեցրեց՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ Երրորդ՝ Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու միջնորդությունը ՀՀ Արդարադատության նախարարության սեփական նախաձեռնությամբ էր տեղի ունեցել՝ նշված հարցազրույցն ուսումնասիրության արդյունքում։ Չորրորդ՝ Խորհուրդը որոշել է կարգապահական պատասխանատվության չենթարկել դատավորին՝ դրսևորելով իր անկախությունը գործադիր իշխանությունից։

Ստորև ներկայացնում ենք գործի մանրամասները։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2021 թվականի մարտի 30-ին «Armdaily» լրատվական կայքում հրապարակված «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ հոդվածի ուսումնասիրության արդյունքում դատավորի կողմից առերևույթ կարգապահական խախտումներ կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի կողմից ներկայացված զեկուցագիրը: Արդարադատության նախարարի որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ հոդվածում դատավորի կողմից կատարվել են այլ դատավորի վարույթում գտնվող և դեռևս քննության փուլում գտնվող գործի հետագա ընթացքի և դրա հնարավոր լուծման վերաբերյալ հայտարարություններ:

Ըստ վարույթ հարուցող մարմնի՝ դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումները կատարվել են առնվազն կոպիտ անփութությամբ, քանի որ վերջինս հստակ տեղյակ է եղել, որ կոնկրետ գործը քննվում է այլ դատավորի վարույթում: Նման հանգամանքը հավաստվում է նաև նրա կողմից ի պատասխան լրագրողի հարցի արված «(…) այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին» հայտարարությամբ:

Սույն գործի շրջանակում Բարձրագույն դատական խորհուրդը էական է համարել հետևյալ փաստերը․ հոդվածում մասնավորապես տեղ են գտել դատավորի կողմից արված հետևյալ հայտարարությունները. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»: «Եթե հիշում եք՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը համապատասխան իրենց եզրակացություններում նշել էին, որ 300.1 հոդվածը որոշակիության հետ կապված խնդիր ունի: Անգամ նշել էին, որ դա երևի թե պայմանավորված է թարգմանության հետ: Կարծում եմ, այդ պայմաններում սպասելի էր բոլորի համար, ովքեր օբյեկտիվ դատական ակտի էին սպասում, իսկ որ ՍԴ-ն օբյեկտիվ դատական ակտ է կայացնելու որևէ կասկած չկա։ Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի` վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել: Եթե չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում, դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի: Դրանք փոխկապակցված են միմյանց հետ: Անձին պետք է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի: Եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ: Այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»։

Խորհուրդը Armdaily.am լրատվական կայքից պահանջել է տրամադրել դատավորի՝ 30.03.2021թ. «Մեղադրանքն այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ հարցազրույցի ձայնագրությունը, ինչին ի պատասխան «Արմդեյլի լրատվական գործակալություն» ՍՊԸ-ի տնօրեն Սուրիկ Հովնանյանը պատասխան է ներկայացրել, հայտնելով, որ լրատվամիջոցները չունեն օրենքով սահմանված պարտավորություն որոշակի ժամկետով պահպանելու հարցազրույցների տեսա և աուդիո ձայնագրությունները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ ձայնագրությունները վերբեռնվում են կայք կամ համացանցային հայտնի աղբյուրներ, ահավասիկ YOUTUBE ռեսուրսում: Այդ իսկ պատճառով իրենց աշխատանքային պրակտիկայում աուդիոձայնագրությունները պահպանվում են առավելագույնը 3 ամիս, ինչը բոլոր չափորոշիչներով ողջամիտ ժամկետ է: Դատավորի հետ համապատասխան հարցազրույցն արվել է 2021թ. մարտի 30-ին հետևաբար նյութական կրիչի վրա այն չի պահպանվել: Միաժամանակ լրատվամիջոցը պնդել և վստահեցրել է, որ դատավորի խոսքը հարցազրույցում բերված է բառացի, որևէ փոփոխության կամ խմբագրման չի ենթարկվել, նրա որևէ միտք չի խեղաթյուրվել, կոնտեքստից չի կտրվել, իմաստային փոփոխության չի ենթարկվել։

 

Խորհուրդն այս գործի շրջանակում անհրաժեշտ է համարել պատասխանել հետևյալ երկու հարցերին.

  • Արդյո՞ք լրատվական կայքում հրապարկված հոդվածում արտացոլված՝ դատավորի կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններով թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերի իմաստով դատավորի վարքագծի կանոնի խախտում:
  • Արդյո՞ք դատավորի կողմից թույլ տված վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը կատարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 

Այսպիսով ԲԴԽ որոշման մեջ արձանագրել է, որ խոսքի ազատության իրավունքը՝ դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է: Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել: Դատավորներն ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց՝ որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:

ԲԴԽ-ն կոնկրետ այս գործի պարագայում նշել է, որ թեև հոդվածում տեղ գտած դատավորի որոշ հայտարարություններ կարող են ձևական առումով դիտվել որպես դատավորի վարքագծի խախտումներ, այնուամենայնիվ դրանք պետք է դիտարկվեն ամբողջության մեջ, այսինքն` թե ինչպիսի հարցերի ի պատասխան են հնչեցվել: Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալների համաձայն, դատավորը հրաժարվել է պատասխանել այն հարցին, որը վերաբերել է մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործին:

Խորհուրդը նշում է, որ դատավորի կողմից իրավական նորմի մեկնաբանությունը ինքնին չի կարող որակվել կարգապահական խախտում, քանի դեռ դրանով դատավորն ուղղակիորեն չի անդրադարձել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի իրավական վերլուծությանը, չի արտահայտել այդ գործով բացահայտման ենթակա փաստական հանգամանքների, ապացույցների կամ դատական քննության առարկա դարձած իրավահարաբերության լուծման համար կիրառելի իրավանորմի ու դրա մեկնաբանության վերաբերյալ իր դիրքորոշումը:

Սակայն ԲԴԽ-ն նշել է նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ կապված այլ դատավորի վարույթում գտնվող գործի առանձնահատկություններից և դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունից, նորմի մեկնաբանությունը կարող է կարծիք ձևավորել որպես մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի լուծմանը միջամտություն: Այդ կապակցությամբ ԲԴԽ-ն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և ակնհայտ դեպքերում խուսափել իրավական ակտի կամ նորմի վերաբերյալ հանրային հարթակում իրավական վերլուծություններ ներկայացնելուց:

Համադրելով այս վերլուծությունը սույն գործի փաստերի հետ Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ դատավորը տվյալ պարագայում պարտավոր էր գիտակցել, որ իր կողմից արտահայտված մտքերն ու վերլուծությունները ողջամիտ անձի մոտ տպավորություն կստեղծեին, որ դրանք վերաբերում են այլ դատավորի մոտ քննվող և հանրային հնչեղություն ունեցող կոնկրետ գործին, ուստի ԲԴԽ-ն արձանագրել է, որ տվյալ պարագայում դատավորը չի դրսևորել բավարար շրջահայացություն:

 

Միևնույն ժամանակ ԲԴԽ-ն նշել է, որ վարույթ հարուցող մարմինը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ դատավորը նպատակ է ունեցել որևէ կերպ միջամտելու այլ դատավորի վարույթում գտնվող գործին և չի հիմնավորել արարքը դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու փաստը: Խորհուրդն արձանագրել է նաև, որ դատավորի կողմից խախտումը կատարելու առնչությամբ մեղքի առկայությունը պետք է ապացուցի հենց վարույթ հարուցող մարմինը:

 

Ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել Արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանի միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Այս գործի շրջանակում հարկ ենք համարում անդրադառնալ նաև ԲԴԽ-ի կողմից արտահայտված դիրքորոշմանը: Ինչպես արդեն նշվեց, ԲԴԽ-ն արձանագրել է, որ կապված այլ դատավորի վարույթում գտնվող գործի առանձնահատկություններից և դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունից, նորմի մեկնաբանությունը կարող է կարծիք ձևավորել որպես մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի լուծմանը միջամտություն:

Այսպիսով` Բարձրագույն դատական խորհուրդը հստակ չի սահմանում այն պայմանները, որոնց առկայության դեպքում դատավորը պարտավոր է շրջահայացություն դրսևորել իրավական նորմին մեկնաբանություն տալու ժամանակ: Անհասկանալի է, թե ինչ է պետք հասկանալ գործի առանձնահատկություն ասելով, կամ որ դեպքում պետք է գործը համարել հանրային հետաքրքրություն ունեցող, արդյոք հանրային հետաքրքրություն են ներկայացնում այն գործերը, որոնց մասին տեղեկատվություն է շրջանառվում ԶԼՄ-ներում:

 

Կարծում ենք՝ վերոնշյալ պայմանները պետք է ԲԴԽ-ի կողմից հնարավորինս հստակ ձևակերպվեն, քանի որ հետագայում հենց դրանք կարող են հանդիսանալ հիմք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Պայմանների հստակեցումը նաև կօգնի, որպեսզի դատավորներն ավելորդ զգուշավորություն չցուցաբերեն և չխուսափեն լրագրողների հարցերին պատասխանելուց՝ մտահոգվելով, որ իրենց արտահայտած մտքերը կարող է իրենց դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանան։

 

Տաճատ Ոսկանյան

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930