Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները դիտարկելու նպատակով սեպտեմբերի 16-20-ը Մոսկվա կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ԱԺ-ի, այլ բացառապես «Քաղպայմանագրի» պատգամավորներից ձեւավորված պատվիրակություն, որի կազմում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իշխող խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, նախկին փաստաբան Արթուր Դավթյանը, պետաիրավականի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաեւ ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
Թե ինչու է Մոսկվա մեկնող պատվիրակությունը կազմված միայն իշխանական պատգամավորներից, եթե գործուղումների պատվիրակությունները նույնպես քվոտավորման սկզբունքով են ձեւավորվում եւ կազմվում, այսինքն՝ պարտադիր ընդգրկվում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, պարզվում է՝ միայն այն պատճառով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ոչ միայն խորհրդարանի դասատու է զգում եւ երբեմն վերազանցելով լիազորությունները՝ անտեղի դիտողություններ է անում ընդդիմադիր պատգամավորներին, այլեւ իրեն համարում է քննչական մարմին, դատավոր, որը կարող է որոշում կայացնել՝ քրեական գործով անցնող եւ երկրից չբացակայելու թուղթ ստորագրած պատգամավորին թույլատրե՞լ բացակայել երկրից, թե՞ ոչ։
Տեղեկացանք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, նշված գործուղման համար ներկայացրել են սեփական թեկնածուներին․ «Հայաստանը»՝ Արմեն Գեւորգյանի թեկնածությունը, ով նաեւ ղեկավարում է տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի։ Սակայն Ալեն Սիմոնյանը խմբակցությունների ղեկավարներին փոխանցել է, որ իր համար ընդունելի չեն ներկայացված թեկնածուները․ Արմեն Գեւորգյանը, ինչպես հայտնի է, անցնում է փողերի լվացման հայտնի գործով եւ բնակավայրից չբացակայելու ստորագրություն է տվել, իսկ Հայկ Մամիջանյանին պատերազմից հետո մեղադրանք է առաջադրվել 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության դեմ կազմակերպված ցույցերի ակտիվիստներից էր։ Երկուսն էլ՝ քաղաքական մեղադրանքներ։
Ինչեւէ, ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է այլ թեկնածություններ ներկայացնել, նրան բացատրել են, որ ինքը քննչական մարմին չէ ու չի կարող արգելել պատգամավորների գործուղումը, եւ մերժել են նրա առաջարկն ու պնդել ներկայացրած թեկնածությունները։ Արդյունքում Ալեն Սիմոնյանը որոշել է պատվիրակությունը ձեւավորել առանց ընդդիմադիրների։
Կարդացեք նաև
ՊՈՒ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց տեղեկությունը․ «Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը համարել է, որ այն քաղաքական-քրեական գործը, որը հարուցված է իմ նկատմամբ, եւ որի հիմքով իմ վերաբերյալ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրությամբ երկրից չբացակայելու մասին, հիմք է, որպեսզի չներառի ինձ Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում։
Արդյունքում պատմության մեջ առաջին անգամ պատվիրակությունը մեկնելու է առանց ընդդիմության ներկայացուցիչների։ Հիշեցնեմ նաեւ, որ ես երեկ եմ վերադարձել Բրյուսել կատարած գործուղումից՝ կուսակցական դիվանագիտական խողովակով մասնակցել եմ ԵԺԿ քաղաքական համաժողովին, դիմում եմ ներկայացրել քննչական, քննիչս բավարարել է երկրից բացակայելու խնդրանքս, եւ ես գնացել ու վերադարձել եմ»։
Մեզ չհաջողվեց Արմեն Գեւորգյանի հետ խոսել, սակայն դաշինքից հաստատեցին, որ իրենք ներկայացրել են Գեւորգյանի թեկնածությունը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում