Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվելու է ներկա «կարգավիճակը»

Սեպտեմբեր 10,2021 10:00

Եթե ինձ հարցնեք` նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի բարոյական իրավունք չուներ երկիր ղեկավարելու, նա պետք է մեկընդմիշտ հեռանար քաղաքականությունից, Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչները որեւէ հայաստանցու կամ արցախցու հանդիպելիս չպիտի աչքերը գետնից բարձրացնեն: Բայց դրանք իմ էմոցիաներն են, իսկ մեր ամենատարածված սխալն այն է, որ մենք հավակնություն ունենք սեփական հույզերը ներկայացնել որպես համընդհանուր: Հունիսի 20-ին ոչ միայն ինձ են հարցրել, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, եւ ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ:

Այդ անվիճելի փաստից ելնելով՝ եկեք պատասխանենք այն հարցին, թե արժե՞ արդյոք «մասշտաբային» եւ «գունագեղ» ձեւով նշել մեր պետության 30-ամյակը: Պատասխանելու համար հակիրճ անդրադառնանք, թե ինչ է նշանակում «պետություն»: Հայերեն եւ ռուսերեն (государство) այս բառը հնչում է որպես «պետերի» (государь) տիրապետության տակ գտնվող կառույց: Բայց եվրոպական լեզուները անդրադառնում են ժամանակակից պետության ավելի կարեւոր հատկանիշներներին. եթե հայերեն թարգմանենք State, Staat, l’ État եւ նմանատիպ այլ բառեր, ապա կունենանք «ստատուս», «կարգավիճակ» բառերը: Այսինքն՝ պետությունը մի բան է, որը որոշակի կարգավիճակ է արձանագրում: Ի՞նչ կարգավիճակ: Այստեղ պետք է հիշենք, թե ինչ էին ասում ժամանակակից պետության գաղափարախոսները՝ Լոքը, Հոբսը, Մոնտեսքյոն եւ ուրիշները: Պետությունն, ըստ նրանց, պետք է ֆիքսի այն կարգավիճակը, որը ձեւավորվում է պայմանավորվածությունների, պայմանագրի արդյունքում՝ պայմանագիր, որը որոշ ժամկետով կնքվում է քաղաքացիների եւ վարչակազմի միջեւ:

Մինչեւ 2018 թվականն այդ պայմանագիրը խզված էր, դրա համար էլ մարդիկ, ի վերջո, դուրս էին եկել փողոց: 2018 թվականին այդ պայմանագիրը վերականգնվեց, իսկ 2021-ին վերահաստատվեց: Այդ փաստն ինձ մոտ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ինձ թվում է, որ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: Բայց, կրկնեմ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ՝ նրանք ունեն այլ առաջնահերթություններ:

Այսպիսով, Փաշինյանը, ՔՊ-ն եւ առնվազն  680 հազար քաղաքացիներ բոլոր հիմքերն ունեն «մասշտաբային» եւ «գունագեղ» ձեւով նշելու Հայաստանի 30-ամյակը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ դա կլինի ոչ թե 30-ամյակի տոն, որովհետեւ նրանք գտնում են, որ այդ 30 տարուց 27-ը մղձավանջի եւ թալանի տարիներ էին, այլ նշելու են այս տարվա հունիսի 20-ի իրենց համոզիչ հաղթանակը եւ իրենց միջեւ պայմանագրի վերահաստատումը: Նրանք կարող են լիաթոք երգել, պարել, քեֆ անել, գրկախառնվել: Եթե մեծամասնությունը գտնում է, որ ուրախության առիթ կա, ո՞վ կարող է դրան խոչընդոտել:

Արա մ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Եթե պարզ և ուղիղ՝ ցանկացած գործողություն հիմնականում իրենից ներկայացնում է որոշակի(1-ից ավելի) գործողությունների զուգորդություն: Մեր ժողովուրդը ի վիճակի է տեսնել առնվազն իրար հաջորդող քայլերից առնվազն երկուսը, այսինքն չմերժեց գործող իշխանությանը լավ ճանաչելով այն վերցնելու պատրաստ կլանին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930