Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղողի շուկան փլուզվում է». Ավագ Հարությունյան

Սեպտեմբեր 10,2021 14:30

Այսօր խաղողի շուկան գահավիժում է: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնում Գինու ազգային կենտրոն ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, խաղողի շուկան փլուզվում է եւ մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են նվազում խաղողի գները: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի այդ գործընթացը եղավ շատ արագ եւ շատ ակնհայտ: Եթե նախորդ տարիներին, ըստ պարոն Հարությունյանի, բոլորը սպասում էին «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության հայտարարած գնին (150 դրամ), որը գոնե առաջին մեկ շաբաթը չնչին տարբերությամբ պահում էին նաեւ մյուս արտադրողները, հետո աստիճանաբար նվազեցնում՝ սեզոնի վերջում մթերման գինը հասցնելով կիլոգրամը 110-115 դրամի, այս տարի խաղողի գինն իջել է 110 դրամ եւ շարունակում է իջնել:

Ավագ Հարությունյանի խոսքով, այս տարին, սաստիկ շոգերի պատճառով մոտ 15 օր առաջ է ընկել, նաեւ ջրային ռեսուրսների սակավություն կար: Խաղողի գնանկման երկրորդ պատճառը անցած տարվա մթերման շատ բարձր քանակներն են, որոնք ՔՈՎԻԴ-ի ու պատերազմի հետեւանքով չիրացվեցին: Երրորդ պատճառն էլ, մեր զրուցակցի համոզմամբ, քաղաքական մոտիվացիան է:

«Այսօր խաղողի շուկան գահավիժում է: Մենք հիմա ականատես ենք մի երեւույթի, որը ունենք վերջին 20 տարվա մեջ անընդհատ եւ, որը մեզ խորթ չէ 150 տարվա կտրվածքով: Այսինքն՝ 150 տարվա մեջ ոչինչ չի փոխվել»,-մեզ հետ զրույցում ասում է Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ ինչպես նախորդ, այս իշխանությունն էլ քաղաքական կամք չի դրսեւորում  հիմնարար կերպով խնդիրը լուծելու:

«Այդ իրավիճակն ունենք 1870 թվականից առ այսօր եւ մեր երկրի որեւէ մի իշխանություն ռիսկ չի արել դեմ դուրս գալ: Բանն այն է, որ ի սկզբանե կոնյակը թելադրված, պարտադրված էր Հայաստանին՝ որպես քաղաքական ճնշման մեխանիզմ Ռուսաստանի կողմից: Դա ե՛ւ ցարական ժամանակներում էր այդպես, ե՛ւ Խորհրդային ժամանակներում, ե՛ւ հիմա էլ է այդպես, այսինքն՝ կոնյակը դարձավ քաղաքական մի գործիք, որի ազդեցությամբ կարող էին պատժել Հայաստանին: Պատժելու մեխանիզմը ո՞րն էր: Ես պահանջում եմ, պարտադրում եմ, որ դու կեղծես, որովհետեւ շուկան իմն է, այդ շուկայում ե՛ս եմ որոշում խաղի կանոնները, ինձ պետք է, որ դու այդ շուկայում կեղծես արտադրանքը: Ես դրանից կշահեմ մեծ գումար, ամեն վայրկյան կարող եմ գլխիդ տալ, որ դու ինձ տալիս ես կեղծ արտադրանք,  ամեն վայրկյան կարող եմ իմ շուկան ընդլայնել կամ քեզ դուրս մղել այդ շուկայից՝ իր բոլոր հետեւանքներով: Սա ամբողջ 150 տարվա ռուսական քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ: Եվ, թվում էր, թե այս վերջին իշխանությունը, որը ստացավ ժողովրդի լիակատար աջակցությունը պետք է որ առաջին հերթին մտածեր այդ ժողովրդի մասին եւ կարողանար գլոբալ առումով խնդիրը լուծել, որովհետեւ նա քաղաքական այդ վախը չուներ: Այս քաղաքական վախն է կամ սպեկուլյացիան, որ ընկած էր հատկապես վերջին 20 տարվա իրականության հիմքում»,-ասում է պարոն Հարությունյանը:

Սակայն, այս իշխանությունն էլ խնդիրը հիմնովին լուծելու փոխարեն նախընտրել է գյուղացու սիրտը շահելու տարբերակը: Ամեն ինչ անում են՝ միայն թե գյուղացու խաղողը արտադրողներն իրացնեն. գործարարին արտոնյալ պայմաններով վարկեր են առաջարկում, վարչական, քաղաքական լծակներ են կիրառում:

Ավագ Հարությունյանն ասում է՝ «Գյուղացին, որը ստացել էր օդից ընկած նվեր սեփականաշնորհման տեսքով, այլ բան չուներ՝ քան ուրախանար եւ հպարտանար իր կառավարությունով, որը ստիպում է գործարարին, որ վարկ վերցնի որպեսզի գնի խաղողը, որը նրան պետք չէ»:

Ըստ նրա, գործարարի վրա ազդման մեխանիզմները՝ ստիպողական վարկերն ու խաղողի ստիպողական գնումները գործել է դեռեւս Վազգեն Սարգսյանի օրոք ապա՝  ավելի քաղաքակիրթ տարբերակով շարունակվել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Նույնն էլ հիմա է:

«Այսինքն՝ խաղողը ստեղծել է պատգամավորներ, խաղողն ընտրել է նախագահներ, խաղողն ընտրել է վարչապետեր եւ խաղողը դարձել է մի ոչ մաքուր եւ անհեռանկար վերջնաժամկետների գործիք՝ քաղաքական իշխանությունները կազմավորելու եւ քանդելու գործում»,-ասում է Ավագ Հարությունյանն ու շարունակում. «Պետությունն ասում է՝ ինչքան վարկ ուզում ես, ինչ արտոնյալ պայմաններով ուզում ես, ես քեզ կտամ, միայն թե գյուղացուց խաղողը մթերի: Այս քաղաքականությունը, երբ դու միեւնույն է պետք է իրացնես քո խաղողը, բերեց նրան, որ տնկում էին այն ինչ մտքներով անցնում էր, որովհետեւ, միեւնույն է, բերքը կառնեն: Մշակում էին այնպես, ինչպես ցանկանում էին՝ միեւնույն է այդ բերքը կգնվի եւ դրանից կպատրասատվի կոնյակ, որովհետեւ կոնյակի մեջ գնում է ամենաանպիտան խաղողը, այն խաղողը, որը գինու համար պիտանի չէ»:

Ավագ Հարությունյանի խոսքով, այսպիսի մոտեցումը բերել է խաղողի սորտային կազմի, մտքի եւ հոգու դեգրադացիայի. «Որովհետեւ, եթե դու մտնում ես մի դաշտ, որտեղ ստեղծվում են ստվերային շատ մեծ փողեր, դու լրիվ այլակերպվում ես եւ ոչնչանում որպես հոգեւոր արժեք: Եվ սա մենք տեսնում ենք ողջ Խորհրդային միության ժամանակ, երբ որ բնագավառը գեներացնում էր մոտ 300 միլիոն ռուբլի տարեկան ստվերային գումարներ: Եվ այս ամբողջ հարաբերությունները պրոյեկցվեցին մեր Երրորդ հանրապետության իրականության վրա: Այդ 300 միլիոն ռուբլու մեծ մասը՝ 80-90 տոկոսը գնում է դեպի Կրեմլ: Մենք դառնում ենք շատ մեծ կեղտոտ խաղի փոքրիկ, բայց առանցքային էլեմենտ»: Ըստ նրա, այսօր էլ նույն վիճակն է:

Ավագ Հարությունյանի խոսքով, 42 տարի է ասում է՝ պետք է աստիճանաբար դուրս գալ կոնյակի դաշտից եւ տեղափոխվել գինու դաշտ. «Կամաց-կամաց գյուղացուն օգնենք փոխի սորտերը, տեխնոլոգիաները: Եվ նա դառնա գինու դաշտի ճիշտ մասնակիցը: Մենք կառավարությանն ասում ենք՝ մեկ շիշ գինուց դու նվազագույնը ստանում ես 2 դոլար եկամուտ, իսկ մեկ շիշ կոնյակից՝ լավագույն դեպքում 10 ցենտ եկամուտ:

1991 թվականից սկսած՝ բոլոր մեր ղեկավարներին, որոնց հետ եղել եմ մտերիմ հարաբերություների մեջ, միշտ բացատրում էի՝ եթե դուք այդպես անեք, գյուղացին կունենա խաղող, որը կվաճառի ոչ թե 100 դրամով, այլ՝ 500 դրամով: Մենք կարտադրենք գինի, որը կվաճառենք շիշը նվազագույնը 6-7 դոլարով: Մենք կունենանք արտադրանք, որը կարող ենք նույնիսկ ինքնաթիռով արտահանել, այլ ոչ թե կոնյակ, որը կախված է Լարսի քմահաճույքներից»:

Պարոն Հարությունյանը ցավով է նշում, որ նման գործելաոճը հանգեցրել է Սեւանա լճի մակարդակի իջեցմանը. «Որովհետեւ դու պետք է ստանայիր շատ բերք, անորակ բերք, որի համար պետք է շատ պարարտացնել եւ շատ ջրել, հետեւապես՝ Սեւանից ավելի շատ ջուր էին բաց թողնում: Մեր համախառն արտադրանքի 94 տոկոսը գինեգործական պորտվեյններն էին՝ ամենավատագույն որակի, որոնք իրացվում էին ամբողջ Ռուսաստանում եւ Սեւանի հաշվին»:

Նրա խոսքով, մեր երկրի արտադրանքն այսօր կազմում է համաշխարհային գինու շուկայի 0,01 տոկոսը, չնայած այն բանին, որ որպես գինու մշակույթի ստեղծող, կրող ու հայրենիք, կանգնած ենք առաջին հորիզոնականում. «Սա աբսուրդ է: Մենք կարող էինք այդ լեգենդն օգտագործել եւ հիմա էլ կարող ենք օգտագործել եւ այդ 0,01 տոկոսը դարձնել 0,1 տոկոս կամ 1 տոկոս: Եւ այդ ժամանակ մենք խնդիր չէինք ունենա: Նույնիսկ հիմա մենք խնդիր չենք ունենա, եթե մեր ժողովուրդը խմի այնքան գինի, որքան խմում են Ռուսաստանում կամ՝ Արեւելյան Եվրոպայում՝ 40-90 լիտր մեկ շնչի հաշվով, բայց փոխարենը  խմում է էժան օղի: Սա, այսպես ասած, Ռուսաստանի ուժային ներդրումն էր հայ ժողովրդի մեջ, որովհետեւ առաջ ռուսական կայսրության պատմության մեջ օղին դարձել էր ազդման եւ կառավարման համար լուրջ գործիք: Սա ավտոմատ տեղափոխեցին Հայաստան: Եվ, եթե, Ռուսաստանը ղեկավարող հրեաներն ասում էին՝ տուր կես լիտր օղի եւ սոխ ու Ռուսաստանը քոնն է, այս կոնցեպտը հիմա՝ տուր գյուղացուն 100 դրամ եւ գյուղացին քոնն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930