Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիել Բարսեղյանն անդավաճան ընկեր էր, ում հետ շփվել է»

Սեպտեմբեր 10,2021 14:00

Օգոստոսի 28-ին վախճանվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, 1990թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ Տարիել Բարսեղյանը: Նա եղել է արդարադատության  խորհրդի անդամ, երկար տարիներ վարել է «Մարդը եւ օրենքը» հաղորդաշարը:

«Առավոտին» բացառիկ հուշերն է պատմում նրա մանկության միակ ողջ մնացած ընկերը` քաղբանտարկյալ, բանաստեղծ, հրապարակագիր ՄԵՐՈՒԺԱՆԸ:

-Օրերս վախճանվեց հայ խոշորագույն իրավաբան,  քաղաքացիական իրավունքի մեծագույն գիտակ Տարիել Կարապետի Բարսեղյանը:
Ես շփվել եմ Գերագույն դատարանի նախագահության անդամներ Ալեքսանյանի, Քոչարյանի, Հենրիկ Դանիելյանի հետ: Նրանցից հետո այդ պաշտոնը զբաղեցրեց Բարսեղյանը, ով հետագայում գնաց դասախոսական աշխատանքի՝ գլխավորելով ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնը:

Նա  նշանավոր իրավաբանների շարքում էր, ընդգրկված անձինք մնում են՝ որպես իրավաբանության պատմության մեծագույն երախտավորներ:

Բարսեղյանի մասին շատերը գրեցին, հիշեցին նրա աշխատությունները, սակայն որեւէ մեկը չի կարող հիշել նրա մանկությունը, քանզի ողջ մնացած միակ մանկության ընկերն եմ:

Տարիել Բարսեղյանը բնիկ էջմիածնեցի էր, վաղարշապատցի: Անցյալ դարի 80-ականներին  ծնվել էր նրա պապը` հայտնի կլարնետիստ, փողային երաժշտության հմուտ գիտակ` Շմոյի Մուկուչը, ով նվագում էր դուդուկչի Ասոյի հետ, ում մասին գրել է Վահան Տերյանը (Գրաքննադատ Պ. Մակինցյանն իր ծանոթագրություններից մեկում նշել է, որ Ասոն հայտնի դուդուկչի է եղել Երեւանում, որի նվագը Տերյանը լսել է 1917թ. սկզբին-Ռ.Մ).

«Երբ դու շրջում էիր, որպես Յասոն

Եվ քեզ օրորում էր Ասոն…»:

Նա առաջինն է, ով ուներ հատուկ դպրոց` շվիահարների, կլարնետիստների: Մուկուչն  ուներ հինգ երեխա` երեք տղա, երկու աղջիկ: Տղաներն էին` Օնիկը, Կարապետը, Հրանտը, դուստրերն էին` Քնարն ու Գոհարը:

Այն ժամանակ Երեւանի «Կոլխոզ շուկայում» երեք դարպաս կար. կապույտի ետեւում Օնիկն էր, երկրորդում`Կարապետը, երրորդում` Հրանտը: Օնիկը շրջանակների համար ապակիներ էր վաճառում, Կարապետը` Տարիելի հայրը, վաճառում էր փողային գործիքներ, նաեւ՝ թմբուկներ, իսկ Հրանտի տաղավարում Վերածննդի դարաշրջանի արվեստի գործեր էին, ռեպրոդուկցիաներ` շրջանակով եւ առանց շրջանակի:

Էջմիածնում որբացավ Տարիելը, քանի որ ամուսնալուծվեցին նրա ծնողները, Տարիելին մեծացրեց նրա Մարան տատը` Էջմիածնի ամենասիրելի եւ առաքինի կանանցից մեկը: Պատերազմական-հետպատերազմական շրջանում Տարիելը երեխաների շրջանում սիրված էր, որպես խելացի երեխա, լավ ընկեր: Վեց տարեկանում նա եկավ Երեւան: Դրանից հետո յուրաքանչյուր տարվա սկզբին Տարիելն անց էր կացնում Վաղարշապատում, այսպես տասը տարի. մրգի առատության շրջանն էր, մենք էլ միրգ շատ էինք սիորում…

Ժամանակը, տարիները չմոռացրեցին մեր ընկերությունը:

Երբ նա ԵՊՀ ընդունվեց, մինչ այդ ռադիոյում էր` տրամադրվել էր ամբիոն` քաղիրավունքի մեկնաբանման համար: Քսան-քսաներկու տարեկան էր, երբ իր առաջին գիրքը գրեց. «Մատակարարի դերը առեւտրում»: Մեր եղբայրությունը շարունակվեց, չընդհատվեց, եւ շնորհակալ եմ, որ ունեցել եմ նրան:

Երբ դասախոսում էր, ապրում էր Բութանիա գաստրոնոմից դեպի վերեւ հեղինակավոր Բելինսկու փողոցի վրա, տուն, որտեղ հաճախ եմ եղել:

Այսպիսով, Տարիել Բարսեղյանը, որպես Էջմիածնի ճանաչված անձնավորություն, կմնա պատմության մեջ, եւ ցավում եմ, որ անժամանակ բաժանվեցինք:

Հարցին, թե իմ քաղաքական հետապնդումների, անազատությանս մեջ գտնվելու տարիներին, չի՞ մոռացել ինձ, չի՞ վախեցել, ասեմ` ամենեւին, իմ ձերբակալության ընթացքում նա մշտապես այցելել է ծնողներիս, քաղցրավենիք բերել նրանց, հուսադրել մերոնց: Նա անդավաճան ընկեր էր՝ ում հետ շփվել է:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930