Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կտա մեզ սահմանազատումը եւ սահմանագծումը

Սեպտեմբեր 10,2021 13:30

2020թ. նոյեմբերի 9-ից հետո մեր բառապաշարի մեջ բավականին հաճախ ներմուծվեցին նոր բառակապակցություններ՝ սահմանազատում եւ սահմանագծում: Ինչու հատկապես այդ ժամանակահատվածում ներմուծվեցին այդ տերմինները եւ խորքում դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի հետագա վիճակի վրա: Խորհրդային Միության տարիներին հանրապետությունների տարածքները, հավանաբար, իրարից բաժանվել են նման գործիքների ոչ այնքան խիստ կիրառմամբ, քանզի մեծ հաշվով դրանք միասին վերցրած համարվում էին մեկ երկիր եւ դիտարկվում էին որպես ներքին պայմանական բաժանումներ: Բնական է, որ այս առումով այլ իրավիճակ պետք է առաջանար Խորհրդային Միության փլուզումից՝ խորհրդային հանրապետությունների անկախացումից հետո:

Փորձենք որոշակի դիտարկումներ անել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասով: Միանգամից նշենք, որ առ այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանների հարցով պաշտոնական փաստաթղթեր չեն ստորագրվել եւ լռելյայն գործում են սահմանների խորհրդային բաժանումները: Ինչպես գիտենք, 90-ականներից սկիզբ առավ հայ-ադրբեջանական պատերազմը, որն այդ պատերազմի արդյունքում 1994թ. կնքված հրադադարի պայմանագրով բերեց նոր ձեւավորված Արցախի Հանրապետության նոր կարգավիճակի, եւ նոր սահմանների ձեւավորմանը, որն էլ չնչին փոփոխություններով պահպանվեց մինչեւ 2020թ. նոյեմբերի 9-ին ավարտված չարաբաստիկ պատերազմը: Այդ պատերազմի արդյունքում ոչ միայն փոխվեց տարածքային քարտեզը՝ թշնամին գրավեց Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, այլեւ 2021թ. մայիսի 12-ից առ այսօր, թշնամին օգտվելով մեր պարտությունից, թուլացած վիճակից եւ հոգեբանական բազմապիսի պրոբլեմներից, մի քանի ուղղություններով ուխտադրժորեն ներխուժեց Հայաստանի մի շարք տարածքներ՝  Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, տիրեց դրանց եւ Հայաստանի կողմից որեւէ լուրջ դիմադրության չհանդիպելով, օր օրի սկսեց ավելի խորանալ այդ տարածքներից ներս, որոնց չափերն այսօր կիլոմետրերով է հաշվում ու առ այսօր բազմապիսի վայրագություններ իրականացնելով (նոր գերիների առեւանգում, բնակչության ահաբեկում, անասունների գողություն, խոտհարքների այրում), հպարտորեն տիրում է այդ տարածքներին, որոնց քայլերին մերոնք ընդամենն արձագանքում են հետեւյալ կերպ. նրանց կրակոցներին պատասխանելով համարժեք կրակոցներով, իբր մենք եւս կանք, բայցեւ տալով նաեւ նոր զոհեր: Պատերազմից հետո թշնամուն հաջողվել է նաեւ իր տիրապետության տակ վերցնել Կապան-Գորիս հատվածի մի շարք բնակավայրեր, որտեղ եւս ահաբեկում են հարեւանությամբ ապրող բնակիչներին եւ իրենց պարբերական կրակահերթերով ու այլ մեթոդներով շարունակաբար անհանգստացնում նրանց: Փաստացի, Հայաստանի համար ստեղծվել է շատ տհաճ իրավիճակ, քանզի Արցախյան պատերազմի պարտությունից 9 ամիս հետո, փոխանակ լուրջ քայլեր ձեռնարկելու՝ կորցրածից գոնե որոշ տարածքներ ետ բերելու, ընդհակառակը՝ թշնամուն թույլ ենք տվել Հայաստանի մի շարք տարածքների՝ Կապան-Գորիս հատվածի որոշ անկլավներ ու բնակավայրեր. Սեւ լիճ, Շորժա, Սոթք ու այլ տարածքների գրավում, որոնց մասով ինչպես նշեցի, մերոնք ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում: Փաստացի, Ադրբեջանը գտնվում է հաղթողի վիճակում, Հայաստանի գրավյալ տարածքներում օր օրի առաջ է շարժվում ու զգուշանալով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կրակի դադարեցման պայմանավորվածություններից, չի ցանկանում բացահայտորեն խախտել եւ շարունակել ընդհատված պատերազմը՝ Հայաստանի նոր տարածքների տիրանալու համար:

Այս իրավիճակում Ադրբեջանին այլ քայլ չի մնում, քան գործի դնել նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների սկսումը, քանզի համոզված է, որ այդ պարագայում Հայաստանից բավականին սահմանային տարածքներ անցնելու են իր տիրապետության տակ, որն էլ իր հերթին Հայաստանը մաս-մաս գրավելու հերթական հնարավորությունն է: Ինձ հայտնի չէ, թե խորհրդային տարիներին ինչպես է իրականացվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, ում տարածքներից՝ մյուսին ինչ է անցել, սակայն, եթե Ադրբեջանն այդքան շտապում է եւ փորձում րոպե առաջ հասնել դրան, ուրեմն նա խորը վերլուծել է այդ ամենը ու համոզված է, որ այդ նոր մեթոդով նման աշխատանքներն իրականացնելու պարագայում, խաղաղ ճանապարհով՝ Հայաստանից բավականին շատ տարածքներ է փոխանցվելու իրեն: Նա պարզորոշ հասկանում է, որ այդ դեպքում  աշխարհին չի ներկայանալու որպես ագրեսոր եւ միջազգային հանրությանը ներկայացնելու է, որ ընդամենն իրեն է վերադարձվում տասնամյակներ շարունակ իրենից ապօրինի խլված եւ Հայաստանին տրված Ադրբեջանի տարածքները եւ ուրիշ ոչինչ: Սակայն այդ նույն Ադրբեջանը հրաշալի տեղյակ լինելով, որ Արցախը մշտապես եղել է պատմական Հայաստանի մի հատվածը, այդ մասին ոչ մի բառ չի արտասանում, ավելին՝ նա մշտապես ու ոչնչի առջեւ կանգ չառնելով, բոլոր ճանապարհներով, կոկորդը պատռելով փորձում է մոլորեցնել աշխարհին եւ հակառակն ապացուցել:

Կարծում եմ, ասվածից հստակորեն պարզ է դառնում, եթե Հայաստանը գնա նման քայլի, ապա ինչերի առջեւ է կանգնելու եւ որքան նոր տարածքներ է կորցնելու…

Բնական է, որ այս պարագայում Հայաստանին մեկ քայլ է մնում. դիվանագիտական հնարքով ամեն ինչ անել այդ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները շրջանցելու եւ փորձի նոր՝ փոխարինող խորամանկ առաջարկություն անել: Ադրբեջանը մշտապես այնքան է ստել, խախտել բոլոր պայմանավորվածությունները, որ Հայաստանը նույնպես կարող է գոնե մեկ անգամ խախտել՝ հատկապես չհիմնավորված, խորը չհաշվարկած պայմանավորվածությունը: Այլ ելք ուղղակի չկա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930