Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւյան Ադրբեջանը՝ ռուսական «ֆորպո՞ստ», թե՞ թուրքական «վիլայեթ»

Սեպտեմբեր 10,2021 12:00

Լաչինի թուրք-ադրբեջանական զորավարժությունն ու հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների հարցին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարությանը, նշելով. «Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն եւ մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արեւելքն արեւմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի եւ Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։

Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում չլիներ ադրբեջանական գործոնը, իսկապես, Անկարայի ու Երեւանի հրապարակային վերջին հայտարարությունները կարելի էր նպաստավոր համարել՝ թեկուզ ինչ-ինչ շփումներ հաստատելու մեկնարկի առումով: Բայց, կա ոչ միայն ադրբեջանական գործոնը՝ իր թշնամական կեցվածքով ինքնիշխան Հայաստանի նկատմամբ, այլեւ մեր տարածաշրջանային խաղացողները, որոնք արդեն ոգեւորվել են Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների հրապարակային հայտարարություններից ու ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Այս առումով ուշագրավ էր վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ որոշ մանրամասների հրապարակայնացումը: Նա պատմեց Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման մի դրվագ՝ մեկնաբանելով իր հայտնի երկտողը ՀՀ այն ժամանակվա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին. «Էդուարդ, համաձայնիր արարողությանն առանց հայտարարության»: Լավրովը պատմեց, որ 2008թ. Հայաստանից իրենց հայտնել են, որ թուրքական կողմն առաջարկել է պայմանավորվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունների կարգավորման, համագործակցության եւ համատեղ նախագծերի իրականացման շուրջ: Ռուսական կողմը պաշտպանել է այդ գաղափարը, բայց հարցրել՝ արդյոք կա՞ն նախապայմաններ: Ասել են՝ նախապայմաններ չկան: «Երբ գործը հասավ ստորագրմանը, իսկ ստորագրումը նախատեսվում էր Ցյուրիխում՝ իհարկե, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ, այնտեղ եկել էր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան եւ էլի որոշ դեմքեր: Մենք պետք է դառնայինք այդ լուրջ իրադարձության վկան, բայց ստորագրությունից առաջ պարզվեց, որ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք դա կստորագրենք, բայց պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով»,- պատմել է Լավրովը: Նա նշել է, որ վերապահման տեքստը տարբերվում էր Հայաստանի դիրքորոշումից, եւ այդ ժամանակ ինքն ասել է Նալբանդյանին՝ քեզ զգուշացնում էի չէ՞, այնքան էլ չէի հավատում, որ դա կարող էր լինել առանց նախապայմանների: «Բայց ունեինք այն, ինչ ունեինք. եկել-հասել էինք … եւ փակուղի է: Արդյունքում որպես փոխզիջում առաջարկվեց, որպեսզի թուրք գործընկերը համաձայնի հետ կանչել այդ ձեւական պայմանը, բայց հայ գործընկերներն ասացին, որ իրենք պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանն իր դիրքորոշումը կշարադրի Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց՝ եթե դու հայտարարություն անես, ապա ես էլ կանեմ: Դե, մենք էլ նստած, ի դեպ, ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները նստած վիճում էին մինչեւ ուշ գիշեր: Մենք արդեն հասկացել էինք, որ պետք է ինչ-որ կերպ դուրս գալ այդ իրավիճակից, դրա համար ես նրան (ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) երկտող գրեցի, որպեսզի նա չպնդի մեկնաբանություն անելու թեման: Այդպես էլ եղավ»,- ասել է Լավրովը:

Լավրովն այնուհետեւ հիշեցրել էր, որ արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, բայց այդպես էլ «անհետացան» հենց նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեին Ղարաբաղյան կարգավորման հարցում: «Այժմ, երբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է Լավրովը՝ վերահաստատելով Մոսկվայի պատրաստակամությունը՝ ամենաակտիվ կերպով աջակցելու այդ գործընթացին:

Նախ, սկսենք նրանից, որ ԼՂ պատերազմում ընդամենը դադար է կնքվել՝ Ռուսաստանի օգնությամբ: ԼՂ կարգավիճակը չի հստակեցվել, խաղաղության համաձայնագիր չի կնքվել: Լավրովը համառորեն վերջերս սկսել է կրկնել պաշտոնական Բաքվի որոշ դիրքորոշումներ՝ մեկը մյուսի հետեւից, սակայն դրանից իրադրությունը չի փոխվում: Հիմա Մոսկվան հավատո՞ւմ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են կարգավորվել: Այդ ի՞նչ է փոխվել, որ Մոսկվան ոգեւորվել է հայ-թուրքական թեմայով վերջին հրապարակային հայտարարություններից: ՌԴ-ում չե՞ն նկատում թուրք-ադրբեջանական շարունակական զորավարժությունները: Սեպտեմբերի 6-ից էլ Լաչինում մեկնարկեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Սա նմա՞ն է խաղաղության ձգտող տարածաշրջանի, թե՞ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են նոր պատերազմի:

Պարզապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դաշտը եւս մեկ հնարավոր ֆորմատ է, որտեղ Ռուսաստանը կցանկանար «խաղացող» մնալ, եւ ոչ միայն, նաեւ կողմերի վրա լծակներ գործադրելու առումով նոր հնարավորություններ ստանալ:

Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Հայաստանը անվանում էին «Ռուսաստանի ֆորպոստ», այժմ, Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների բնորոշմամբ՝ Ադրբեջանն է հայտնվել ռուսական ֆորպոստի դերում եւ Ալիեւի ջանքերը՝ հավասարակշռություն պահպանել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ՝ ոչ մի լավ բան չեն խոստանում: Ադրբեջանցի որոշ փորձագետներ անգամ համարում են, որ վաղ թե ուշ «Ռուսաստանը ղարաբաղյան երրորդ պատերազմն է հրահրելու, ինչպես 2020-ի սեպտեմբերի պատերազմին է «դաբրո» տվել, որպեսզի պատժի Փաշինյանին»:

Այնպես որ, Մոսկվան, անկասկած՝ ոչ միայն հրապարակային կաջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ հնարավորության ընձեռման պարագայում՝ կարող է ավելի խորը ներգրավվել պրոցեսում, եթե իհարկե, այն ավելի լրջանա:

Իրականում, Մոսկվան հիմա Հայաստանի հարցն է լուծված համարում: Մեր հասարակության մեջ համոզում է ամրապնդվել, որ Ռուսաստանը դադարեցրեց պատերազմը, այսօր արդեն քչերին է հետաքրքրում հարցը՝ իսկ ով թույլ տվեց Ալիեւին, որ նա սկսի այդ պատերազմը:

Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթղթի «հովանավոր» Ռուսաստանն ամեն ինչ անելու է՝ ազդեցությունը մեծացնելու Ադրբեջանում: Ադրբեջանում թուրքական բանակն է գործում, ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում են վերապատրաստվում, իրականում ամիսներ առաջ Շուշիում Էրդողանն ու Ալիեւը ռազմաքաղաքական դաշինք կնքեցին, եթե անգամ պաշտոնապես չի հայտարարվում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կա, դրա առկայությունն ակնհայտ է: Այս պայմաններում Մոսկվան փորձելու է Ալիեւի վրա ազդեցության լծակները մեծացնել: Իր հերթին՝ Էրդողանն էլ դրդելու է Ալիեւին՝ ձերբազատվել ռուս խաղաղապահներից՝ ԼՂ-ում:

Իրականում, շարունակ քարոզչական նպատակով՝ «Լեռնային Ղարաբաղի պատերազմը ավարտվել է», «ԼՂ խնդիրը լուծվել է» նախադասություններ հնչեցնող Ալիեւը բավական բարդ վիճակում է՝ նա ռուսական «ֆորպոստի» եւ թուրքական «վիլայեթի» միջեւ ընտրություն պետք է կատարի, նրան հազիվ թե հաջողվի անվերջ մանեւրել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930