Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները սահմանափակել էին երեխայի հետ շփումը՝ հիմք ընդունելով դիմումատուի հոգեկան առողջությունը

Սեպտեմբեր 09,2021 13:30

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակն իր պաշտոնական կայքէջում ներկայացրել է կարծիք «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ դիրքորոշում՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի վերաբերյալ:

Ինչպես շրջանառվում է, «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «նախատեսվում է սահմանափակել ծնողական իրավունքները այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել իր ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը եւ մտավոր զարգացումը՝ 1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով, 2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով»։

Նշյալ հոդվածով ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաեւ այն դեպքերում, երբ թեեւ երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետեւանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Հետեւաբար, ըստ իրավապաշտպան կազմակերպության. «Ծնողական իրավունքների սահմանափակման սպառիչ կամ ուղղորդող հիմքերի սահմանումը վտանգում է երեխայի իրավունքների պաշտպանությունը, եւ արհեստականորեն քողարկվում են իրական պատճառները, որոնք կարող են հակադրվել երեխայի լավագույն շահին եւ/կամ ազդել ծնողական պարտականությունների կատարման վրա»:

ՀՔԱՎ-ն տեղեկացնում է, որ առաջարկվող կարգավորումներով նախագծի հեղինակները որպես երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջության եւ մտավոր զարգացումը վտանգող հիմքեր առանձնացրել են ծնողի` ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածությունը եւ հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրները. «Նման գնահատումները եւ սահմանումները հակասում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին` հանընդհանուր, տարածաշրջանային եւ ներպետական կարգավորումներին, որոնցով, ի թիվս այլնի, երաշխավորված են անձի անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու եւ խտրականությունից զերծ մնալու իրավունքները»։

Հղում կատարելով ՄԻԵԴ-ում լսված «CՏnta v. Romania» գործին, ՀՔԱՎ-ը կարծում է. «Դատարանը ճանաչել է, որ խախտվել են դիմումատուի անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը եւ խտրականությունից զերծ մնալու իրավունքը, քանի որ դիմումատուի շփումը դստեր հետ սահմանափակելու որոշումները հիմնված էին նրա հոգեկան առողջության խնդիրների առկայության վրա։ Դատարանը համարել է, որ այն փաստը, որ նա ուներ հոգեկան առողջության խնդիր, ինքնին չի կարող արդարացնել իրեն վերաբերվելը այլ կերպ, քան մյուս ծնողներին, ովքեր ձգտում են շփվել իրենց երեխաների հետ: Նրա շփումների իրավունքը սահմանափակվել էր՝ առանց համապատասխան եւ բավարար հիմքերի, այն բանից հետո, երբ դատարանները տարբերություն էին դրել՝ հիմք ընդունելով նրա հոգեկան առողջությունը»:

Իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկում է հանել նախագծի 4-րդ հոդվածի 1 եւ 2 ենթակետերը։

Վերլուծությունից բխում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության
փոփոխության արդյունքով

Ինչ վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի վերաբերյալ դիրքորոշմանը, ապա նշենք, որ հարցադրումը հետեւյալն էր. արդյոք վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանրային ծառայողի ծառայության դադարեցման հիմք սահմանելը համահունչ է աշխատանքի ազատ ընտրության մաս կազմող՝ աշխատանքից ազատելու արգելքի՝ օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված հանրային ծառայության սկզբունքներին, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունից բխում է. 1. վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով, 2. վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությունը ինքնաշխատ, այսինքն՝ պարտադիր կարգով վարչական պաշտոն զբաղեցնող անձին դարձնում է ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։

Ավելորդ չէ հիշեցնելը, որ Սահմանադրությամբ «Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք (57-րդ հոդված, 2-րդ մաս), «հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները (81-րդ հոդված, 2-րդ մաս):

Եվրոպական սոցիալական Սահմանադրության՝ Խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով»: Խարտիայի համաձայն (24-րդ հոդված, «ա» ենթակետ)՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով կողմերը պարտավորվում են ճանաչել բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:

Իրավապաշտպան կազմակերպությունն անհրաժեշտ է համարում վերանայել նշված իրավակարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով գործող Սահմանադրությանը եւ աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ձեւավորված միջազգային իրավական չափանիշներին (պատահական չէր, որ դիրքորոշման մեջ տեղ են գտել տարբեր երկրների հարցի կարգավորմանը միտված օրենսդրական մի շարք չափանիշներ: Օրինակ, Ուկրաինայի «Պետական ծառայության մասին» օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական մարմինների ղեկավարների կամ կազմի փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ պետական ծառայության դադարեցման համար»-Ռ.Մ.): ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը հետեւյալն է. «Դատական պրակտիկայում օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը դիտարկվում են որպես աշխատանքային հարաբերությունների դադարեցման ինքնուրույն, առանձին հիմքեր եւ վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման համար պարտադիր չէ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման կամ «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածում ամրագրված հիմքերից որեւէ մեկի առկայությունը։

Վարչական պաշտոն զբաղեցնող անձի քաղաքական վերադասի (կամ) անմիջական քաղաքական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների լուծումը միայն նորանշանակ ղեկավարի կամայական, սուբյեկտիվ հայեցողությամբ, առանց օբյեկտիվ հիմքի, համահունչ չէ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության սկզբունքներին, քանի որ հանրային ծառայությունը հիմնվում է արժանիքների եւ մասնագիտական ընդունակությունների վրա հիմնված գործառույթների կատարման, հանրային ծառայության կայունության եւ անհիմն միջամտության հիմնարար սկզբունքների վրա, իսկ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանգեցնում է կամայական միջամտության, պետական կամ հանրային ծառայության անկայունության եւ հանրային ծառայողի պարտականությունների կամ վարքագծի հետ չկապված պատճառներով ծառայության դադարեցման։ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան բոլոր աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց աշխատանքային հարաբերությունների «դադարեցումը» կապում է միայն աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ կապված պատճառների հետ, այլ կերպ ասած՝ աշխատողից անկախ պատճառնելով աշխատանքային հարաբերությունների դադարեցում չի թույլատրվում, ուստի՝ այս համատեքստում օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում ամրագրված կարգավորումները՝ որպես աշխատանքային հարաբերությունների դադարեցման առանձին, ինքնուրույն հիմքեր դիտարկելը, չի համապատասխանում միջազգային իրավական պրակտիկային»։ Աշխատանքի ընտրության ազատությունը, որպես սահմանադրորեն ամրագրված սոցիալական ազատություն, ներառում է, ի թիվս այլոց, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նաեւ արդեն ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը: Հետեւաբար, հանրային ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն կարող գտնվել աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930