Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուրջ կերպարների պրոֆեսիոնալ դերակատարն ու կոմեդիաներում՝ ծիծաղի թագուհին

Սեպտեմբեր 09,2021 13:00

Ռոզա Մխիթարյանը տառապում է թաքուն, բայց բոլորին ժպտում իր հայտնի, գեղեցիկ ու բարի ժպիտով

Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց գործող դերասան մինչ օրս գրանցված է հոլանդա-ավստրիացի դերասան եւ երգիչ, 94-ամյա Յոհաննես Հեսթերսի (1903-2011թթ.) անունը։ Արտիստը վերջին անգամ բեմ է բարձրացել 107 տարեկանում, 2 փոքր մենախոսությամբ մասնակցելով ճանաչված ռեժիսոր Ռոլֆ Հոխուբի երաժշտական պիեսին։

Մեզ մոտ երբեւէ չի եղել նման վիճակագրություն, սակայն օրերս մեզ լուր հասավ, որ շուտով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» դրաման, որը հատուկ բեմադրվում է թատրոնի տարեկցի՝ անվանի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Արծվաբերդի պատվավոր քաղաքացի, բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած, մի շարք դերակատարումների համար մրցանակներ ստացած Ռոզա Մխիթարյանի ծննդյան հոբելյանի առիթով։ Դերասանուհին հանդես է գալու գլխավոր դերում։ Իհարկե, այդ տարիքում խաղալը պահանջում է ոչ միայն մեծ նվիրում, այլեւ խիզախում։

Անդրադառնալով Գինեսի գրքում գրանցվելուն, ընդամենը 4 տարի հետո մեր դերասանուհու անունն էլ կարող է հավերժանալ այնտեղ։ Բայց առաջին հերթին անհրաժեշտ է, որ բազմադարյա հայ մշակույթի բազմադարյա թատերարվեստը ճանաչելի լինի աշխարհում։

Ռոզա Մխիթարյանը Վանաձորի թատրոնում է ավելի քան 60 տարի, մարմնավորել է 160-ից ավելի բազմաժանր դերեր։ Նա մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանի ամենասիրելի ուսանողուհիներից է եղել: Ասում են՝ Վաղարշյանը անձամբ հասել է Վանաձոր, որպեսզի թատրոնի ղեկավարներին ընդամենն ասի՝ լավ կնայեք մեր համեստ ու շնորհաշատ Ռոզային… Նա Մհեր Մկրտչյանի համակուրսեցին է, հումորով շատ պատմություններ ունի Մհերի հետ կապված: Ուսանողական աղքատիկ կյանք են ունեցել, երբեմն կիսաքաղց մնացել, բայց ամեն ինչ անցկացրել են հումորով ու խինդով:

Պատմում են, որ «Հորովել» վերնագրով կենցաղային մի պիեսում հյուրախաղի ժամանակ Ռոզա Մխիթարյանը եւ դերասան Արամ Մխիթարյանն այնքան հումորային իմպրովիզներ են արել իրենց էպիզոդիկ դերերով, որ խաղընկերները, ծիծաղից ուշաթափ եղած, չեն կարողացել խաղալ, ստիպված վարագույր են փակել, իսկ «իմպրովիզի մեղավորներից Արամին» հրավիրել են գեղարվեստական ղեկավարի մոտ «կարգի հրավիրվելու», սակայն Վահե Շահվերդյանը, դեռ մեկ-երկու բառ չարտաբերած, չի կարողացել զսպել բուռն ծիծաղը եւ ձեռքով դուրս է հրավիրել: Հավաստիացնում են, որ հանդիսատեսը այդ ներկայացմանը գալիս էր տեսնելու հենց նրանց հատվածը: Հատկապես նշում են, որ տիկին Մխիթարյանը դրամաներում լուրջ կերպարների պրոֆեսիոնալ դերակատար է, իսկ կոմեդիաներում՝ ծիծաղի թագուհի: Լոռեցի հանդիսատեսը հիշում է ու չի կարողանում մոռանալ Հր. Մաթեւոսյանի «Աշնան արեւի» նրա Նանին՝ սկեսրոջ փայլուն դերակատարումը:

Հասկանալի պատճառով չենք կարող անդրադառնալ, նույնիսկ նշել դերասանուհու կերտած կերպարների մի մասը գոնե, բայց առանձնացնենք նրա մեկ դերակատարումը կինոյում. Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմում (2012թ.), որտեղ, ինչպես պատմում են ականատեսները, մեքենան պետք է գար ու հարվածեր ծեր կնոջը, վերջինս էլ պետք է ընկներ: 80-ամյա դերասանուհին, բացի «համով-հոտով կերպար ստեղծելը», այնպես վարպետորեն ու տեխնիկապես ճկուն է ընկնում, որ ֆիլմի անձնակազմը հիացմունքից պապանձվել էր…

Քչերը գիտեն, որ ժողովրդական արտիստուհին իր կյանքում ունեցել է մեծ ողբերգություններ՝ կորցրել է երկու որդիներին: Ասում են՝ տիկին Մխիթարյանի ավագ որդին «մութ ու ցուրտ» տարիներին, երբ Աբելյանի թատրոնը հյուրախաղերով մեկնել էր Ֆրանսիա, Գերմանիայից գնում է այնտեղ օգնելու եւ անգամ նյութապես աջակցում մայրիկի բոլոր գործընկերներին անհատապես: Ընտանեկան ողբերգությունից հետո դերասանուհին դժվարությամբ բեմ բարձրացավ, բայց այս անգամ բեմը նրա համար միակ սպեղանին էր, մեծ վիշտը սքողելու եզակի միջոց:

Նա չի սիրում հանրության մեջ «վշտակիր» խաղալ, նա այն կրում է իր մեջ, տառապում թաքուն, բայց բոլորին ժպտում է իր հայտնի, գեղեցիկ ու բարի ժպիտով: Նա լոռվա հանդիսատեսի՝ ավագ սերնդի ամենասիրելի դերասանուհին է՝ պարզ, անմիջական, երբեմն ամոթխած:
Չմոռանանք նշել, որ Ռոզա Մխիթարյանի խաղը եւ խաղընկերությունը բարձր են գնահատել Գուրգեն Ջանիբեկյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը եւ մեր մյուս մեծանունները։

Դերասանուհու ծննդավայրում՝ Տավուշի Արծվաբերդ գյուղում կանգնեցվել է նրա կիսանդրին: Նրա մասին գրվել են բազմաթիվ թատերախոսականներ եւ մեկ գիրք՝ մենագրություն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930