Այսօր՝ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ Դիլիջանի առաջին եկեղեցու քարը, որն ավերվել էր 1937 թվականին, տեղադրեցին նոր կառուցվող եկեղեցում և առաջին Պատարագը մատուցվեց:
Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա արարողությունը նաև կարևոր նվեր է համայնքի համար, քանի որ այն կյանքը, որն ընդհատվել էր համայնավարության տարիներին վերադարձվում է համայնքին․ «Ինձ մոտ էլ շատ հին քարեր կան քաղաքի հին եկեղեցուց պահպանված, որոնք դիլիջանցիները իրենց տանը հայտնաբերել են, և մեր եկեղեցուն են տվել: Եկեղեցում կա մի հին ամբողջական խաչքար, որը խորանի ավարտից հետ կբերենք և կզետեղենք»:
Դիլիջանի բնակիչ Անահիտ Սահակյանը, որի տանը հայտնաբերվել է հին եկեղեցու քարը՝ կիսվելով իր զգացողություններով ընդգծեց, որ իր համար միշտ ցավալի է եղել այն, որ Դիլիջանը զրկված է եղել եկեղեցի ունենալու հնարավորությունից․ «45 տարի առաջ մայրս երազ էր տեսնում, որ այգում հին խաչքար կա: Մի անգամ էլ հայրս այգում գործ անելիս խնձորենու տակից գտավ այդ հին խաչքարը և խնամքով մինչև այսօր պահպանել էինք, որը մեր հարևանների համար դարձել էր սրբատեղի, և շատերն այնտեղ գալիս ու մոմ էին վառում: Ուրախ եմ, որ այսօր հին խաչքարը գտավ իր տեղը այս նոր եկեղեցու որմերում և կծառայի իր նպատակին»:
Կարդացեք նաև
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր Դիլիջանի համար պատմական պահ է, քանի որ տարիներ անց վերականգնվում է Դիլիջանի պատմամշակութային արժեքը, որտեղ բարձր գնահատեց հատկապես համայնքի ներգրավվածությունը․ «Այսօր 1937 թվականից մինչև 2015 թվականը Դիլիջանը եկեղեցի չի ունեցել և այս նոր եկեղեցու կառուցում, որի մեջ զետեղվում են հին եկեղեցու խաչքարերը, մեծ նշանակություն ունի ամբողջ համայնքի համար: Մեր պատմությունն այսպես փոխանցվում է սերնդից սերունդ: Շատ կարևոր է հատկապես համայնքի ներգրավվածությունը, և մենք ամեն բան անելու ենք, որ համայնքը ամեն ձևով մասնակիցը լինի եկեղեցաշինության և մեր արժեքները պահպանելու գործում»:
Սաթենիկ Հովսեփյան
Լուանկարները ՝ Օքսաննա Առաքելյանի