Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք եւս ՀՀ քաղաքացիներ ենք եւ իրավունք ունենք դիրքորոշում արտահայտելու». Փաստաբանը՝ վարչապետի հրաժարականի մասին

Սեպտեմբեր 08,2021 21:12

Կայացավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների բանավեճը: Պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Բաբայանը, Թամարա Պողոսյանը և Գևորգ Գյոզալյանը: Թեկնածուներին տրամադրվել էր մինչև 30 րոպե ժամանակ իրենց ծրագրերը ներկայացնելու համար, նրանք նաեւ պատասխանեցին հարցերի:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ի թիվս այլնի, անդրադարձավ փաստաբանական համայնքի խոշորացմանը, ընդգծեց, որ եթե 200 փաստաբան կարծում է, որ պետք է լինի միասնական կառույց, ժողովրդավարության պայմաններում մեծամասնության կարծիքը որոշիչ է: Սիմոն Բաբայանը նշեց, որ դեմ է մի քանի փաստաբանական պալատների առկայությունը:

Գեւորգ Գյոզազլյանի հարցին, որ ոչ վաղ անցյալում Սիմոն Բաբայանը ստորագրել էր մի հայտարարության տակ, որտեղ պահանջում էր վարչապետի հրաժարականը, քանի որ, ըստ նրա՝ վարչապետի թիմը ձախողել է տարբեր ոլորտներում, հողեր են հանձնել, արդյոք այս պահի՞ն էլ այդպես է կարծում, Սիմոն Բաբայանը պատասխանեց, որ այդ հայտարարությունն արված էր իր կողմից եւ իր մասնավոր գործունեության արդյունքն էր:

Նա նշեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց այլ գործընկերություններ եւս ավելի կոպիտ եւ իշխանությունների համար գուցե ոչ ընդունելի հայտարարություններ են արել, բայց ինչպես նրանք, այնպես էլ ինքը դա հնչեցրել է որպես ՀՀ քաղաքացի ու փաստաբան, եւ ոչ թե որպես Փաստաբանական դպրոցի տնօրեն: Հավելեց, որ ինքը ոչ միայն դպրոցի տնօրեն է, այլեւ Գիտությունների ակադեմիայում է աշխատում, հետեւաբար հայտարարությունն արել է որպես մասնավոր անձ:

Գյոզալյանի մյուս հարցին՝ արդյոք ճի՞շտ են նմանատիպ հայտարարություններն ու կոչերը փաստաբանական պալատի մարմիններում ներգրաված անձանց համար, Բաբայանը պատասխանեց, որ փաստաբանները, ինչպես ամեն ոք ՀՀ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն իրենց դիրքորոշումն արտահայտելու երկրում կատարվածի վերաբերյալ. «Տվյալ դեպքում անձը որոշակի երեւույթի վերաբերյալ հայտարարություն անում է ոչ թե իր կարգավիճակից ելնելով, այլ որպես փաստաբան ու ՀՀ քաղաքացի»:

Գյոզալյանի մյուս հարցն այն մասին էր՝ եթե որեւէ փաստաբան հայտարարի, որ այս պահին որպես փաստաբան չի գործում եւ էթիկական խախտում թույլ տա իր գործընկերոջ նկատմամբ, վիրավորի նրան, արդյոք պետք է նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվի, Սիմոն Բաբայանը պատասխանեց, որ փաստական հանգամանքների համատեքստում պետք է դիտարկել վարույթի հարուցումը, եթե էթիկական խախտումներ լինեն:

Այլ հարց էլ հնչեց՝ արդյոք Բաբայանը պատրաստվում է Փաստաբանական պալատի մարմիններում ընդգրկված անձանց նկատմամբ սահմանափակումներ կիրառել քաղաքական գործունեությամբ զբաղվելու «մասով»: Բաբայանն ասաց, որ ինքը նման դիտարկում չի արել:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք նախագահ ընտրվելուց հետո անդամավճարների ավելացման նախաձեռնությամբ հանդես կգա: Սիմոն Բաբայանը պատասխանեց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, եւ նման բան չի լինի, եթե արտակարգ իրավիճակներ չլինեն, որ դրամը չարժեզրկվի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930