Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշոտին ամենաշատը բնորոշ էր անձնուրացությունը». Նոր Խարբերդում բացվեց հերոսին նվիրված հուշաղբյուր

Սեպտեմբեր 08,2021 20:44

Նոր Խարբերդ 24 հասցեում տեղադրվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Աշոտ Սարդարյանին նվիրված հուշաղբյուր:

Հուշաղբյուրը տեղադրվել է Աշոտի ընտանիքի, հարազատների և հարևանների նախաձեռնությամբ: Հուշարձանը խորհրդանշական է, քանի որ Աշոտը երաժիշտ էր:

Հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին հերոսի հարազատները, բարեկամները, ընկերները, ՊՆ պաշտոնատար անձինք, համայնքային իշխանության ներկայացուցիչներ:

Աշոտի աճյունը հանգչում է Եռաբլուրում:

Աշոտ Սարդարյանի մայրը՝ Հասմիկ Սարդարյանը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց՝ իր որդուն ամենաշատը բնորոշ էր անձնուրացությունը: Նա ասաց. «Ինքն ապրում էր ընտանիքի համար, երբևէ իրենը չի փնտրել, չի ուզել, ամեն բան արել է, որ մեզ ուրախացնի, անգամ փոքր տարիքից, որ գնում էինք խանութ, ինքը թողնում էր մեր ճաշակին, ցանկությանը, թե ինչ կգնենք, որ մենք ուրախանանք, մեր ուզածով լինի: Ամեն հարցում ինքն այդպես է եղել: Իրենը երբեք չէր փնտրում, ամեն ինչ անում էր, որ մեր երազանքներն իրականացներ»:

Հասմիկ Սարդարյանը չորս զավակ ունի, Աշոտը երկրորդ էր: Ծնվել է 2001-ին: Երբ 2020-ի սեպտեմբերին պատերազմը սկսվեց, Աշոտն ինն ամսվա զինծառայող էր: Ծառայում էր Մատաղիսում:

Որդու զոհվելու լուրը տիկին Հասմիկն իմացել է նոյեմբերի 9-ին, բայց որդին արդեն զոհված է եղել նոյեմբերի 4-ին: Հերոսի մայրը պատմեց. «Միշտ ասում էր՝ մա՛մ, կարող է պատահել, որ ես մեկ շաբաթ չզանգեմ, բայց միշտ հիշիր, որ անպայման շաբաթ կամ կիրակի կզանգեմ: Ես իր զոհվելու օրը զգացել եմ: Ամսի 4-ին նույնիսկ երազ եմ տեսել. ինքն եկավ, ինձ ասաց, մա՛մ չես նեղանա՞, որ գնամ Դանիելի մոտ: Դանիելն իմ քրոջ որդին է: Նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ: Սպասում էի Աշոտի զանգին, բայց որ չզանգեց, մենք հետ զանգեցինք իր զանգած համարով ու այդ ժամանակ իմացանք մահվան լուրը»:

Աշոտի մայրը նշեց՝ Աշոտի մահվան թղթում նրա զոհվելու մասին նշված է՝ զոհվել է անօդաչուից, հրթիռից, ունի բեկորային վնասվածք, մայրը չգիտի էլ, թե որդին ինչից է զոհվել: Ասաց, որ երբեք Աշոտը ծառայության տեղանքի, հրամանատարների մասին ոչինչ չի պատմել: Ընկերներից մեկը պատմել է. «Ընկել են շրջափակման մեջ, մինչև այդ Աշոտը վիրավոր է եղել. ոտքերը վիրավոր, բայց էլի շարունակել է կռվել: Իրենց նահանջի հրաման են տվել: Հետաքրքիր է, որ Աշոտը մինչև այդ երազ էր տեսել, ինձ զանգեց, ասաց, մա՛մ, երազիս, գերի էի ընկել: Ասացի՝ այ բալե՛ս, ի՞նչ ես ասում: Ասաց՝ չէ, մամա՛ ջան, վստահ եղիր, դա երբեք չի կատարվի: Հետո ընկերը պատմեց, որ երբ նահանջի հրաման են տվել, ինքն ասել է տղե՛րք, գնացեք, չեմ կարողանում գալ, չեմ կարող վազել: Ոտքը ցավում էր ու նռնակները ձեռքին թշնամուն է սպասել: Մինչև թշնամին կմոտենա, այդ կոլցոն չի հասցրել քաշել: Պայթել է: Նռնակները մնացել են ձեռքերի մեջ»:

Հասմիկ Սարդարյանը արցունքն աչքերին հիշեց՝ երբ իր ամուսինը գնացել է որդու դիակը ճանաչելու, տեսել է, որ մարմինը լրիվ վնասված էր, բայց ձեռքերը՝ ոչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930