Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի ընտրական փուլի 6-րդ տուրում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ընտրանուն: Ավանդույթի համաձայն հավաքականի երկրպագուների FAF (առաջին ազգային ճակատ) շարժման անդամները դեպի մարզադաշտ միասնական քայլերթ կազմակերպեցին Երեւանի կենտրոնական փողոցներով:
«Գնում ենք երկրպագելու մեր հավաքականին, գնում ենք հաղթելու: Արդեն երեք-չորս տարի ամեն խաղին մարզադաշտում մեր հավաքականի կողքին ենք: Գերմանիայից կրած ցավալի պարտությունը մեզ համոզեց, որ պետք է ավելի ջերմ աջակցենք մեր տղաներին: Հավատում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը կհայտնվի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Հավատում ենք այնպես, ինչպես հավատում ենք հայ զինվորին, որ մի օր վերադարձնելու է մեր հայրենիքի կորսված հատվածը»,- երթի ժամանակ Aravot.am-ին ասացին Հայաստանի հավաքականի նվիրյալ երկրպագուներ Աստղիկ Գյուլբանկյանը եւ Մարիամ Բարսեղյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ