Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ծրագրի տրամաբանության մեջ են նաև Հայաստանի արագ աճի երաշխիքները. սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրն ավարտվեց, մասնակիցների 2-րդ խումբը ժամանում է Հայաստան

Սեպտեմբեր 08,2021 17:40

ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագիրն ավարտվեց: Ծրագիրն իրականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Փակման արարողության ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարները, փոխնախարարներն ամփոփեցին 50 սփյուռքահայ մասնագետների մեկամյա աշխատանքը:

Մասնագետները Հայաստան ժամանեցին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի թեժ օրերին՝ իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնելով գերատեսչությունների աշխատանքներին և ստեղծելով նոր ծրագրեր: Նրանք ծրագրեր իրականացրին առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի, տարածքային կառավարման, էկոնոմիկայի և ներդրումների բնագավառներում: Մասնակիցներից 22-ը հայրենադարձվելու որոշում են կայացրել, 14-ը կմնան պետական համակարգում և 8-ը աշխատանքի կանցնեն մասնավոր ոլորտում:
«Ծրագրի մասնակիցներն իրենց հետ պրոֆեսիոնալիզմ և նոր աշխարհայացքներ բերեցին պետական համակարգ: Պետականաշինության և նոր ծրագրեր իրագործելու նրանց ձգտումը հատկապես հետպատերազմյան շրջանում գնահատելի է բոլոր մակարդակներում: Մաղթում եմ հաջողություններ և շարունակելու եմ խրախուսել հայրենիքի զարգացմանն ուղղված նրանց բոլոր ծրագրերը»:
«Մեր գերատեսչությունում աշխատած մասնակիցների հաջողություններին ականատես եմ եղել անձամբ»,-ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը, որը ունի Հայաստան գալու և իր ժամանակն ու գիտելիքները ներդնելու հնարավորություն, նման և այլ ծրագրերի միջոցով կգտնի այդ ճանապարհը:

««իԳործ»-ը անգնահատելի ծրագիր է, և այս ծրագրի տրամաբանության մեջ են նաև  Հայաստանի արագ աճի երաշխիքները»,-ընդգծեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ես վերադարձա Հայաստան «իԳործ» ծրագրի շնորհիվ և որոշեցի մնալ հայրենիքում՝ հավատալով, որ Հայաստանի ապագան մեր ձեռքերում է»,-նշեց ծրագրի մասնագետ գերմանահայ Տաթևիկ Գևորգյանը, որը մեկ տարի աշխատել է ՀՀ միգրացիոն ծառայությունում:

«Երբեք չէի մտածի, որ կգամ Հայաստան, բայց ոչ միայն ես հայրենադարձվեցի, այլև ծնողներս: Կմնամ և աշխատանքս կշարունակեմ Հայաստանի ազգային փոստային օպերատորում՝ «ՀայՓոստ»-ում»,-ընդգծեց ռուսաստանահայ Դավիթ Իվանյանը, որը մեկ տարի աշխատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում:

«Որպես «իԳործ»-ական՝ ես սկսեցի իմ աշխատանքը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ ձեռք բերելով ամուր կապեր և ընկերներ: Պատերազմից հետո որոշեցի տեղափոխվել Արցախ և աշխատել Արցախի նախագահի աշխատակազմում զարգացման ծրագրերի ուղղությամբ: Շարունակելու եմ աշխատանքս Արցախում»,-իր ամփոփիչ խոսքում նշեց լիբանանահայ Շուշան Քեշիշյանը:

Այնուհետ մասնակիցները ստացան իրենց վկայականները:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի կառավարման համակարգն այս ամսվա ընթացքում կընդունի ևս 50 նոր մասնագետների: Նրանք ժամանում են 20 երկրներից և կաշխատեն 20 պետական մարմիններում: Նրանք մեկ տարի կաշխատեն գերատեսչություններում՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր:

«իԳործ» ծրագիրը Հայաստանի պատմության մեջ առաջին պետական ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս մեծաթիվ սփյուռքահայ մասնագետների աշխատել ՀՀ կառավարությունում: Ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին ճանաչել կառավարության աշխատանքը ներսից, այլև նրանց սերտորեն կապում է հայրենիքին պետականաշինության մասնակցության մակարդակով:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930