ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ կատարված և առաջիկայում սպասվող ծրագրեր, որոնցում ևս ՎԶԵԲ-ը ընդգրկված է, և ակնկալվում է, որ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հատկապես Գյումրիում իրականացվող հսկայածավալ ծրագրերի համար, առանձնացրել Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը, որը ներկայումս հաջողությամբ իրականացվում է և ընդգծել է, որ կառավարության ծրագրով պլանավորվում է հանրապետությունում 4-5 նման աղբավայր ունենալ՝ ՎԶԵԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով նաև այդ ուղղությամբ առաջիկա համագործակցության վրա։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, քննարկվել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման, վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությունները:
Կարդացեք նաև
Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է կառուցել 15 ջրամբար, ԵՄ-ի տրամադրած աջակցության շրջանակներում այդ թիվը դարձել է 17, և ևս 4 ջրամբար պետք է վերանորոգվի։
ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն ընդգծել է, որ հետաքրքրված են ճանապարհաշինության, նոր աղբավայրերի շինարարության, Սևանի ու հարակից համայնքների ջրամատակարարման և կոյուղու արդիականացման, մաքրման կայանների, Արագածում տուրիզմի զարգացման ծրագրերով։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել նոյեմբեր ամսին, երբ արդեն պատրաստ կլինի կառավարության գործողությունների ծրագիրը, որից հետո ավելի հստակ կլինեն համագործակցության ուղղությունները։
ՏԿԵ նախարարություն