«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ արդարադատության նախարարությունից ինձ, որպես «5165 շարժման» առաջնորդ, հրավիրել էին սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման:
Հաշվի առնելով, որ հրավերը արդարադատության նախարարության կողմից է, և այս պահին մենք ունենք շարժման կողմից արդարացի պահանջների պատասխաններ ստանալու սահմանադրական իրավունքի ոտնահարում, ես որոշեցի օգտվել այդ հրավերից և վարչապետին ուղղած մեր հարցադրումների պատասխանը ստանալ, դրանք ուղղելով արդարադատության նախարարին:
Այսօր՝ 2021թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը ես հայտարարեցի, որ հավատարիմ մնալով գործող իշխանությունների հետ չհամագործակցելու վերաբերյալ «5165 շարժման» դիրքորոշմանը՝ հանդիպմանը մասնակցում եմ՝ զուտ օգտագործելով այն որպես հարթակ՝ Արցախի հարցի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության առնչությամբ նշմարվող վտանգավոր զարգացումների վերաբերյալ հարցերի պատասխանները ՀՀ իշխանություններից ստանալու ակնկալիքով:
Նշեմ, որ հայտարարությունից հետո մենք լքել ենք դահլիճը, նշելով, որ սահմանադրական բարեփոխումներից ավելի այսօր հանրության համար առավել կարևոր են երկրի անվտանգության, ազգի արժանապատվության և սահմանային խնդիրների լուծման հարցերը…. և նախ տվեք այդ հարցերի պատասխանները.
Կարդացեք նաև
Խնդիրը այն է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջել էինք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. մասնավորապես, պահանջել ենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ճանապարհով են ստացվել Թուրքիայից դրական ազդակներ, որո՞նք են լինելու նրա իշխանության կողմից Թուրքիային ուղարկվելիք դրական ազդակները և ո՞ւմ ու ինչի՞ հաշվին:
Հրապարակավ պահանջել էինք պատասխանել այն հարցին, թե, ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ նրա նշած «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ:
Խաղաղության դիմաց նա պատրաստվո՞ւմ է Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը:
Խաղաղության դիմաց նա պատրաստվու՞մ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը: Ո՞րն է գործող իշխանությունների անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսվում է բացել «խաղաղության դարաշրջանը», ո՞րն է խաղաղության գինը:
Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 15.500 ձայն ստացած քաղաքական ուժի կողմից բարձրացված հարցերը ոչ մի ուշադրության չեն արժանացել ինչպես հանրապետության բարձր ղեկավարության, այնպես էլ մասնագիտորեն կոմպետենտ հանրային ծառայողների կողմից:
Հանդիպմանը հայտարարել եմ, որ մեզ համար արդեն հստակ ճանաչելի է գործող իշխանությունների հետևյալ գործելակերպը. հանրային նշանակության ինչ-ինչ խնդիրների, իրադարձությունների շուրջ արհեստական աղմուկ ու լարվածություն առաջացնելով՝ հանրության ուշադրությունը սևեռվում է երկրորդական նշանակության խնդիրների վրա՝ հանրությանը շեղելով կարևորագույն այնպիսի հարցերից, ինչպիսին, օրինակ` Արցախի հիմնահարցի, Հայաստանի ինքնիշխան տարածքների առնչությամբ սպասվելիք հույժ վտանգավոր զարգացումներն են: Մենք գիտակցում ենք այս գործելակերպի արհեստական բնույթը և չենք տրվում նման կեղծ օրակարգերի:
Ուստի, ելնելով մեր ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունից, խնդրել եմ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ օրեր առաջ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխաններն ապահովելու հարցում: Միևնույն ժամանակ արդարադատության նախարարին, որպես երկրում արդարությունն ինստիտուցիոնալ առումով ապահովելու պարտական պաշտոնյայի, և նրա միջնորդությամբ ՀՀ վարչապետին, որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության երաշխավորի ուղղել ենք հետևյալ հարցերը.
«Այժմ հանրային խոսույթի մեջ աշխուժորեն շրջանառվում է այն լուրը, որ մոտ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ: Համապատասխանո՞ւմ է այս լուրը իրականությանը, թե՞ ոչ:
Եթե այո, ե՞րբ է նախատեսվում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է ստորագրել պայմանագիր, որով Արցախի համար նախատեսվում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Պայմանագիրը նախատեսո՞ւմ է, արդյոք, արձանագրում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: Պայմանագիրը նախատեսո՞ւմ է արձանագրում առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանները ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների հիմքի վրա են գծվելու»:
Տեղեկացնում եմ, որ նախարարը խոստացավ պաշտոնապես պատասխանել իմ բարձրացրած հարցերին:
Սիրելի՛ հայրենակիցներ, «5165 շարժմանն» անդամակցում են բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ, և մենք ունենք մեր տեսակետները շատ հիմնախնդիրների, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մենք, անշուշտ, հայտնել ու հայտնելու ենք մեր դիրքորոշումները հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ:
Սակայն կարևոր է գիտակցել, որ երկրի առջև ծառացած սպառնալիքների պայմաններում գործող իշխանությունների թելադրած կեղծ օրակարգերին տրվելը նվազեցնելու է մեր դիմադրողականությունը՝ թույլ տալով նրանց անխոչընդոտ բացելու իրենց պլանավորած «խաղաղության դարաշրջանը», որի գինը անասելի ծանր է լինելու մեզ համար: Ուստի զգոնության հերթական կոչն եմ անում ձեզ:
Պլան, պլան, …. , պլա՞ն … էտ ի՞նչ ա…
Արդեն 3 տարին լրացավ, որ երկիրը “կառավարվում” է բաժակաճառերով…