Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Թասիբով դաշինքը», որի քաղաքապետի թեկնածուն կլինի ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։
Այս մասին Aravot.am-ին անձամբ տեղեկացրեց Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ ընկերներով, իրենց թիմով, երեք տարվա պայքարի մեջ գտնվող անձանցով որոշեցին ձևավորել «Թասիբով դաշինքը»։ Թե որ կուսակցություններն են ձևավորել այս դաշինքը և ովքեր են ընդգրկված դաշինքի ցանկում, Կարապետ Պողոսյանը գերադասեց այս մասին խոսել ավելի ուշ։
«Միայն կասեմ՝ բոլորը երիտասարդներ են, ընդդիմադիր գործիչներ են»-, ասաց Կարապետ Պողոսյանը։
Նշենք, որ Կարապետ Պողոսյանն ԱԺ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատուներից մեկն էր, նա Գյումրիում հայտնի է նաև որպես իրավապաշտպան, եղել է ՀՀ մարդու իրավունքների տեղի գրասենյակի պատասխանատուն։
Կարդացեք նաև
ՔՊ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության ցուցակը գլխավորելու մասին։
ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, որն, ամենայն հավանականությամբ, լուրջ մրցակից կլինի Հովհաննես Հարությունյանին։
Ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինքը», որը կգլխավորի Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Այս դաշինքն, ամենայն հավանականությամբ, քարոզարշավի ընթացքում կսատարի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին։
ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Գյումրին կռնա» դաշինքը, որը թեև գլխավորում է Գյումրու կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը, սակայն նրանց քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։ Վերջինս գործարար ընտանիքից է, նրանք Գյումրիում կահույքի բիզնեսով են զբաղվում։ Այս դաշինքը ստեղծվել է Գյումրու « Ազգային արժեք» ակումբի, նժդեհյան ցեղակրոն, Հայկ (Հայկազուններ)-ի, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների ստորագրած հուշագրով։
Հիշեցնենք, որ վերջերս «Գյումրին կռնա» դաշինքի անդամներից մեկին՝ Արմեն Ներսիսյանին քաղաքական հողի վրա գյումրեցի 38-ամյա մի տղամարդ փորձել էր սպանել, կացնով հասել էր նրա վրա՝ վնասել ձեռքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ