Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ «իր միջազգային տարածքներում» զորավարժություններ անցկացնելը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է: Նման հայտարարություն հնչել է ի պատասխան Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության:
Աբդուլլաևան նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում անցկացնում է բազմաթիվ ռազմական զորավարժություններ, այդ թվում համատեղ՝ գործընկեր երկրների հետ:
«Լաչինում սկսված համատեղ մարտավարական զորավարժությունները այդպիսի մի քայլ է և ծառայում է տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ «տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար սպառնալիք է ոչ թե պետության կողմից իր տարածքում ռազմական զորավարժությունների անցկացումը, այլ Հայաստանի կողմից տարիներ շարունակվող տարածքային հավակնությունները այլ երկրների նկատմամբ, իրականացվող ռազմական ագրեսիայի, օկուպացիայի և միջազգային իրավունքի սկզբունքների խախտման քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
«Եթե Հայաստանը իսկապես խաղաղություն և անվտանգության ապահովում է ուզում տարածաշրջանում, ապա պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ