Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ` նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:
Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: 2011 թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ով ՀՀ կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվել է նաև այլ փաստաթղթերում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն: 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 54 համայնք:
Կարդացեք նաև
Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: «Այսպիսով` ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով օրինագծերին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը շատ կարևոր է ոչ միայն վարչատարածքային, այլև նաև՝ քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով: Եվ սա մեր կարևոր խոստումներից է եղել ժամանակին: Իհարկե, համայնքների խոշորացումը նոր չի մեկնարկել, և պետք է արձանագրենք, որ 2018 թվականից մենք շատ կարևոր մի ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում: Ուզում եմ հիշեցնել, որ սուբվենցիոն ծրագրերն այն ծրագրերն են, երբ համայնքը կառավարության հետ համատեղ իրականացնում է կոնկրետ ծրագիր: Այսինքն՝ ֆինանսավորման մի մասը տարբեր ծրագրերով, տարբեր բաղադրիչներով, բովանդակությունից կախված՝ համայնքը և կառավարությունը տարբեր չափաբաժիններով ֆինանսավորում են: Եվ այս համատեքստում մենք շատ հաջողված օրինակներ ունենք, երբ սուբվենցիոն ծրագրին մասնակցություն են ցուցաբերել նաև մասնավոր անձինք՝ բիզնես, բարեգործական նկատառումներով: Եվ այս մեխանիզմի հետագա կատարելագործման ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք: Խոշորացված համայնքների պարագայում սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հնարավորություններն էականորեն աճում են՝ փոքր բնակավայրերը խոշորացման արդյունքում ստանում են այդ հնարավորությունը, իսկ ավելի խոշոր բնակավայրերի հնարավորություններն ընդլայնվում են:
Իհարկե, խոշորացման գործընթացը միշտ ամենատարբեր քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել, և տարբեր քննարկումներ կան բնակավայրերի շահերի պաշտպանության տեսակետից: Եվ այդ շահերն առավել արդյունավետ պաշտպանելու համար է նաև, որ զուգահեռ ներմուծվել է համամասնական ընտրակարգն ընտրությունների, ինչը մեծացնում է քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական վերահսկողության հնարավորությունը ՏԻՄ-երի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ այստեղ կան շահեր՝ միավորվում են 30 համայնք և դառնում մեկ համայնք, որտեղ կան այդքան համայնքի ղեկավարներ, աշխատակազմ և հասկանալի է, որ կրքեր բորբոքելու փորձեր են լինելու. «Ես ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»: Վարչապետը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ–կառավարության տիրույթում. «Այսինքն՝ քաղաքական մեծամասնության քաղաքական պատասխանատվության դաշտում է: Քաղաքական մեծամասնությունը որոշումը կայացրել է և այն պետք է իրագործվի»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ընդգծել է, որ համայնքների միավորման գործընթացի արդյունքում ավելի են մոտենում տարիներ շարունակ բարձրաձայնված, հռչակված ապակենտրոնացման գործընթացին. «Միավորման արդյունքում մեծանում են համայնքների տնտեսական պոտենցիալը, կարողությունները»:
Անդրադառնալով միավորված համայնքներում համամասնական ընտրակարգով նախատեսվող ընտրություններին՝ փոխվարչապետը նշել է, որ այստեղ բալանսավորվելու է նաև հաղթողների ու պարտվողների նախկինում գոյություն ունեցող խնդիրը: «Նախկինում կար միայն մեկ հաղթող, իսկ հիմա բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, իրենց ստացած ձայների համապատասխան 5 տարի շարունակ ներկայացված են լինելու համայնքի ավագանիում: Սրանով իրենց նախընտրական ծրագրերն իրագործելու հնարավորություն են ստանալու և տրված քվեին տեր են լինելու: Սա շատ կարևոր հանգամանք է, որը նպաստելու է տեղերում կուսակցությունների և հանրապետությունում կուսակցական համակարգի զարգացմանը»,-ասել է Սուրեն Պապիկյանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախկինում քաղաքապետի ընտրություններում առաջադրված էին 4 թեկնածու, մի թեկնածուն հաղթում էր, մյուսները պարտվում էին և դադարեցնում իրենց գործունեությունը: Այժմ, ըստ էության, տեղական խորհրդարաններ են ձևավորվելու, եթե մեկը ստացել է մեծամասնություն՝ այդ մեծամասնության ներկայացուցիչը դառնալու է քաղաքապետ, մյուսները՝ ավագանու անդամ, Երևանի, Գյումրիի և Վանաձորի օրինակով: Կարծում եմ, որ դա համայնքների կառավարումը կդարձնի առավել ներկայացուցչական։ Եվ այստեղ է, որ փոքր համայնքներ ի ներկայացուցիչները ձայն բարձրացնելու հնարավորություն են ունենալու ոչ միայն որպես տեղական ինքնակառավարման մարմնի մեծամասնության, այլ նաև ընդդիմության ներկայացուցիչ, և հետևաբար այստեղ իրավիճակը բավականին բալանսավորված է լինելու»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, նշել է, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ 4 անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,–նշել է նախարարը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին՝ սեպտեմբերի 23-ին ժամը գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային օր է. գործադիրն ընդունել է համապատասխան որոշում
Գործադիրն ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին:
Այս փոփոխությունն արված է նրա համար, որ անկախության 30-ամյակի առիթով ունենանք 4 անընդմեջ ոչ աշխատանքային օր: Որոշումն այսպիսի համատեքստ ունի, կարծում եմ՝ ճիշտ է նման տրամաբանությամբ առաջ շարժվել»:
Այլ որոշումներ. Կարեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Սարգսյանն ավելի վաղ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որի նպատակն է հնարավորություն ընձեռել համագործակցել այլ երկրների հետ ևս «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակում՝ նպաստելով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման տվյալների թափանցիկության ու հավաստիության ապահովմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխմանը և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝ ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու միջոցով հնարավորություն է ընձեռվում նպաստել քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացմանը՝ նպաստելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանային անցման ընթացակարգերի պարզեցմանը և նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։ Ըստ այդմ՝ «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակում կստեղծվի համագործակցության հնարավորություն այլ երկրների հետ ևս։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,565.8 հազար դրամ: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ 4 մարզերում տեղակայված թվով 6 բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով գումար տրամադրելու անհրաժեշտությունից:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ