Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի զոհերի չնչին մասն է որպես հանցագործության զոհ ստանում աջակցություն եւ պաշտպանություն. Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 08,2021 15:08

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի առաջին փոխնախագահ Անտուանետա Վասիլեւայի, խմբի անդամ Իա Դադունաշվիլիի եւ ԵԽ աշխատակազմի քարտուղար Ռոեմեր Լեմետղիի հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ մարդկանց շահագործումը ժամանակակից ստրկության տեսակ է, երբ միլիոնավոր մարդիկ զրկվում են իրենց անկախությունից, ընտրության ազատությունից, խաբեության եւ բռնության կիրառմամբ ենթարկվում սեռական եւ աշխատանքային շահագործման, հարկադրաբար ներգրավվում հանցագործության կատարման կամ օրգանների հեռացման մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը սկսվել է 2002 թվականից, մշակվել եւ հաստատվել է հայեցակարգ, ընդունվել եւ իրականացվել են հինգ ազգային ծրագրեր: Նա փաստեց, որ թրաֆիքինգի զոհերի չնչին մասն է, որ որպես հանցագործության զոհ ստանում է աջակցություն եւ պաշտպանություն: Հաճախ նրանք ձերբակալվում են, ազատազրկվում կամ ենթարկվում պատժի անօրինական միգրացիոն իրավախախտումների, մարմնավաճառությամբ զբաղվելու, անօրինական աշխատանք իրականացնելու, սուտ ցուցմունք տալու կամ վարչական իրավախախտումներ կատարելու համար:

Հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ շատ հաճախ թրաֆիքինգի զոհերն իրավապահների տեսադաշտում հայտնվում են ոչ որպես զոհեր, քանի որ շատ դժվար է լինում ապահովել նրանց նույնականացումը: Դրան նպաստում են մի քանի գործոններ, որոնք դժվարացնում են այդ արատավոր երեւույթի դեմ պայքարը: Ավելի մեծ արդյունք ունենալու համար պատգամավորներն անհրաժեշտ են համարում բարեփոխել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը, ավելացնել իրավապահ համակարգի եւ խնդրին առնչվող այլ օղակների աշխատակիցների հմտություններն ու գիտելիքները, զարգացնել սոցիալական աշխատողի ինստիտուտը, ինչպես նաեւ մարդկանց հանրամատչելի իրազեկել, թե ինչ է թրաֆիքինգը:

Հայաստանը ԵԽ Թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիային միացել է 2008 թվականին, այդ հանցատեսակի դեմ պայքարելու համար ստեղծվել եւ գործում են միջգերատեսչական հանձնաժողով եւ աշխատանքային խումբ: Հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ վերջին տարիներին էլ որոշակիորեն ավելացել են բյուջետային հատկացումները:

ԵԽ փորձագետների հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը եւս ունենա թրաֆիքինգի հարցով զեկուցող, նշվեց, որ այն կքննարկվի: ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների տեղեկացմամբ՝ առաջիկայում պատրաստվելու է զեկույց, որի վերջնական տարբերակին Հայաստանում կծանոթանան 2022 թվականին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930