«Հերթական շոուն է, հերթական տեսարանն է՝ անկախ բովանդակությունից, մարդկանց զբաղեցնելու համար: Կարծում եմ, որոշակի ժամանակ կանցնի եւ էլի կպարզվի, որ որեւէ ռեալ բան՝ դատական համակարգով ապացուցել հնարավոր չի լինի»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքին եւ նրա կալանավորմանը:
Ըստ Աղվան Վարդանյանի, նույնիսկ «ամենաանորակ» իշխանությունը, ինչպիսինն է ՀՀ իշխանությունը, միշտ օրակարգ թելադրելու առավելություն ունի, բայց չի արվում:
Հիմնական խնդիրը, Աղվան Վարդանյանը համարում է տարբեր ուժային կենտրոնների հետ պայմանավորվածությունները թաքցնելը հասարակությունից, իսկ նման բաներով, իր գնահատմամբ, ընդամենն ուշադրություն են շեղում: Այս համատեքստում, նա կապ է տեսնում Սյունիքի համայնքապետերին, որոնց մի մասը նաեւ «Հայաստան» խմբակցության անդամներ են, ձերբակալելու մեջ: Այդ ձերբակալություններում բանախոսն այլ շերտ էլ է տեսնում՝ Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը՝ իր հասցեին թթու խոսք ասած մարդկանց նկատմամբ: Կատարվողը նրա գնահատմամբ, միանշանակ քաղաքական հետապնդում է եւ որեւէ կապ չունի նրանց առաջադրված մեղադրանքների հետ:
Աղվան Վարդանյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը մեկ նպատակ ունի՝ «ՔՊ-ական կամ ՆՓ-ական միակուսակցական համակարգ ձեւավորել», ինչը փորձ է արվում կյանքի կոչել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով՝ բոլոր հնարավոր օրենքների խախտմամբ:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում, ընդդիմադիր պատգամավորը երկու ճանապարհ է տեսնում՝ կամ պահպանում ենք մեր ինքնիշխանության մնացորդները եւ շարունակում ենք մնալ իբրեւ պետություն, կամ վերանում ենք իբրեւ գործոն: Այս իշխանության մնալու պայմաններում, ըստ նրա, երկրորդ տարբերակը կգործի, ուստի գտնում է, որ առաջիկա ամիսներին հանրային համախմբում կլինի, տարբեր միջուկներ կառաջանան, որոնք գործընթացները կհամախմբեն իրենց շուրջ:
Աղվան Վարդանյանի բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանի կողքին այսօր միայն ուժային կառույցներն են, իսկ այդ կառույցները ունեն կոնկրետ մարդիկ, որոնք պետք է հասկանան՝ պատասխան են տալու ոչ միայն իրենց ընտանիքների եւ շրջապատի առջեւ, այլ վաղվա պետության: Աղվան Վարդանյանը խոստանում է՝ որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում իշխանության ներկայացուցիչների պահվածքն էլ Աղվան Վարդանյանը որակեց հոգեվարքի նշան: Կարծում է, որ իշխանությանը նաեւ «կատաղեցնում է» ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությունը, հավասարակշռվածությունը: Կես լուրջ- կես կատակ նկատեց՝ պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ կանանց ներկայությամբ, հանրային վայրերում սեռական հայհոյանքներ հնչեցնողներին տալ «անասունի վկայական»: Նա հորդորում է հանգիստ վերաբերվել նման տեսարաններին, ընդդիմությունից էլ անմիջապես փոփոխություններ չպահանջել, քանի որ գործընթացների համար ժամանակ է պետք: Համենայնդեպս, ինքը հուսով է, մոտ ապագայում գործընթացները կզարգանան եւ «Հայաստան» դաշինքն ուրույն տեղ կունենա այդ ամենում. «Այս ավերակ իշխանությանը դաժան ու դժնդակ օրեր են սպասվում»:
Աղվան Վարդանյանը նաեւ իշխանությանը հորդորում է հասկանալ՝ ժամանակն է դադարել շահարկել «մարտի 1»-ի եւ «հոկտեմբերի 27»-ի թեմաները, քանի որ շատ բաներ կբացվեն եւ դրանք վնաս են բերելու իրենց:
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելով, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանն իր վախերն է արտահայտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
«Երկիրը պարտության տարած, ինքնիշխանությունը կորցրած մարդը չի կարող խոսել տարածաշրջանում խաղաղության հեռանկար բացելու մասին: Իրենից ոչինչ կախված չէ: Ինքը չի կարող օրակարգ թելադրել: Այս օրակարգը դարձյալ հասարակությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու համար է: Եթե տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, ապա պետք է հաստատվի, եթե դու այստեղ գործոն ես, պետություն ես, անվտանգություն ապահովող երկիր ես: Մնացածը զառանցանքներ են: Իր վերջին ռեւերանսները՝ Թուրքիայի, Ադրբեջանի հանդեպ… մարդը պետք է մանկամիտ լինի, որ չհասկանա՝ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջնորդվելու են իրենց շահերով, քո ժողովրդի խաղաղությունն իրենց համար գերնպատակ չէ: Իրենց գերնպատակը լինելու է քեզ նվաստացնել մինչեւ վերջ, ստանալ իրենց շահերը, տարածաշրջանում մեծացնել իրենց ազդեցությունը՝ ի հաշիվ քեզ: Այսօր, այս մարդն ի վիճակի չէ հակազդելու դրանց: Դրա համար, օր առաջ անհրաժեշտ է այս իշխանության հեռացում»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության խորհրդանիշ լինել: Աղվան Վարդանյանը հիշեցնում է հայ-թուրքական հաշտեցման 2008 թվականի ձախողված փորձը, քանի որ Հայաստանը չզիջեց կարմիր գծերը: Իշխանությունից ակնկալում է պատասխան՝ իրենք զիջելո՞ւ են այն, ինչը 2008-ին պետությունը չզիջեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ