«Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը ենթադրում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է զերծ մնան խախտումներից, սակայն նրանք պարբերաբար թիրախավորում են հայկական դիրքերն ու բնակավայրերը։ Երեկ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում ադրբեջանական կողմի կրակոցները խոցել են բնակիչներից մեկի տունը, կոտրել այն ննջարանի ապակին, որտեղ անչափահաս երեխա է քնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ Շուշիի հատվածից գրեթե ամեն օր ադրբեջանցիները հրադադարը խախտում են, կրակում Շոշի եւ Մխիթարաշենի ուղղությամբ․ «Ուստի ենթադրել, թե ադրբեջանական զորքերի փոխարինումն ադրբեջանցի սահմանապահներով՝ հիմք է տալիս մտածելու, թե իրենք զերծ կմնան նման գործողություններից, հիմնավոր չէ։ Պետք է կիրառել միջազգային մեխանիզմներ, որպեսզի ամրագրվեն, թե որտեղից են ծագում նման միջադեպերը։ Միայն նման պարագայում կբացառվեն հրադադարի խախտումները, որոնցից առաջնահերթ տուժում են քաղաքացիական անձինք»։
Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այսօր Արցախի 28 բնակավայրեր շատ մոտ են գտնվում ադրբեջանական դիրքերին․ «150 մետրից մինչեւ մեկ ու կես կմ հեռավորության մասին է խոսքը։ Ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն խաղաղ բնակավայրերի մոտից, որպեսզի ադրբեջանցիները հնարավորություն չունենան դրանք դիտարկելու եւ թիրախավորելու։ Սադրանքները երկու հիմնական նպատակ ունեն, նախ՝ վախի, հուսահատության մթնոլորտի տարածում։ Դա էթնիկ զտման քաղաքականություն է։ Մտադիր են այնպես անել, որպեսզի Արցախից հայերն արտագաղթեն։ Սրա մասին է խոսում այն, որ Ադրբեջանի նախագահը խոսում է արցախահայության թվի նվազման մասին։ Մյուս նպատակը ռուս խաղաղապահների արդյունավետության նվազեցումն է, որն Ադրբեջանի համար հետո կլինի հիմք պնդելու, որ ռուս խաղաղապահներն Արցախից պետք է հեռացվեն։ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ գոյակցության եւ այս ուղղությամբ հայկական կողմի որեւէ քայլ պատասխանի չի արժանանա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ