«Աղվան Հովսեփյանի տրամադրությունը փոփոխական չէ. միշտ մարտական է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի որոշումը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց:
Գագիկ Խաչիկյանը տեղեկացրեց՝ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան, եթե անհրաժեշտություն եղավ՝ նաև Եվրոպական դատարան: Այլ փակագծեր չցանկացավ բացել ու հավելեց. «Ես Ձեզ խոստանում եմ՝ լրացուցիչ իմ ֆեյսբուքյան էջում մանրամասն անընդհատ տեղեկատվություն կտամ այնքան, որքան դա չի խոչընդոտի գործի գաղտնիության հետ կապված հանգամանքներին և ի վերջո մեր մարտավարությանը համահունչ կլինի»:
Գագիկ Խաչիկյանին հիշեցրինք՝ մամուլում լուրեր կան, թե Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունքներ են գրել Ղարիբյան եղբայրները: Ինչպես հայտնի է, նրանք համատեղ հիմնադրել եւ կառավարում էին «Շանթ» եւ «Եվրովագեն» ընկերությունները, նաեւ «Շանթ» ռեստորանը: Բայց տարիներ առաջ գժտվեցին եւ դատարաններն ընկան: Եղբայրներից մեկին, ըստ տարածված տեղեկությունների, հովանավորում էր Աղվան Հովսեփյանը, իսկ մյուսը վերջինիս թեթեւ ձեռքով հայտնվել էր իրավապահների ճնշումների տակ եւ սնանկության եզրին: «Շանթի Յուրա» անվամբ Յուրա Ղարիբյանը պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Կարդացեք նաև
Գագիկ Խաչիկյանն արձագանքեց. «Ցավում եմ՝ նման լուրեր են սողոսկել մամուլ, որովհետև նորից եմ ասում՝ դրանք նախաքննական գաղտնիք են, և նման տեղեկատվություն կարծում եմ ճիշտ չէ այս պահին տարածելը»:
Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի առիթով փաստաբանն ասաց. «Ես այդտեղ մեղադրանք չեմ տեսնում: Մեր պատկերացմամբ դա ընդամենը հորինվածք է ծայրից ծայր»:
Մեր դիտարկմանը՝ կարծիք էիք հայտնել, որ Աղվան Հովսեփյանի կալանքի որոշումը ոչ թե որոշում է, այլ «հրամանագիր» և հարցին՝ նկատի ունեք այն, որ քաղաքական իշխանությունը ճնշո՞ւմ է գործադրել դատարանի վրա, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ գրել, ես իմ ասածների տողատակերը, եթե անհրաժեշտություն ունենամ, հետո կբացեմ: Այս պահին անհրաժեշտ չեմ գտնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ